
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում չկա որևէ առաջընթաց, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այստեղ թերևս պետք է նկատել, որ չկա ոչ միայն առաջընթաց, այլ առկա է ակնառու հետընթաց, ու ոչ միայն Հայաստանի հետ սահմանին տեղադրված ադրբեջանական անցակետի տեսքով, այլ նաև այդ ամենի հանդեպ գործնականում միջազգային լռության, ու ընդհանրապես լռության: Եթե առաջին մի քանի ամիսներին հարցը հաճախ էր հայտնվում միջազգային այս կամ այն սուբյեկտի ուշադրության կենտրոնում, գոնե հայտարարությունների տեսքով, նաև Հաագայի դատարանի կամ ՄԻԵԴ վճիռների տեսքով, ապա այսօր Արցախի ապաշրջափակման հարցը հիշատակվում է խիստ հազվադեպ, կամ գրեթե չի հիշատակվում: Օրինակ, որևէ հիշատակում չի եղել անցնող մեկամսյա բանակցային ինտենսիվ գործընթացի տարբեր հանդիպումներին հաջորդած հայտարարություններում:
Ինչ խոսք, հանգամանքը, երբ հաճախակի հայտարարություններ էին արվում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հորդորների կամ կոչերի տեսքով, առանձնապես չէր փոխում իրերի դրությունն ու չէր կաշկանդում Ադրբեջանին, հետևաբար հազիվ թե նոր հայտարարությունները փոխեին ինչ որ բան: Բայց, հարկ է արձանագրել, որ հայտարարություններ այսօր գրեթե չկան, դրանք խիստ հազվադեպ են, ինչը ակնհայտ հետընթաց է և ցավոք սրտի հաստատում է այն գնահատականը, ինչ ինքս բարձրաձայնել եմ հենց առաջին օրերին, երբ Բաքվի այսպես կոչված «ակտիվիստները» փակել էին ճանապարհը Շուշիի մատույցներում՝ Ալիևն այդ գործողությանը գնացել է ունենալով միջազգային լոյալության հարցում վստահություն: Ավելին, թերևս կա հավանականություն, որ նրան հաջողվել է հարցը դարձնել այսպես ասած քննարկումների առարկա, ու թեև հրապարակավ չկա անդրադարձ, այդուհանդերձ հնարավոր է, որ Լաչինի միջանցքի խնդիրը հենց այդ միջազգային լոյալության պայմաններում «կապակցվել» է հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգին, թեկուզ անուղղակի:
Փաստացի, Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավերն ու Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ օրգանիզմը Ադրբեջանի գործողությունների միջազգային պատասխանատվությունը հասցեագրելու հարցում գործել են անարդյունավետ: Միաժամանակ, գործնականում, միջազգային հանրությունը, դրա առանցքային դերակատարները պատասխանատվություն են կրում Արցախի շրջափակման և մարդասիրական այն ճգնաժամի, իսկ որոշակի իմաստով նաև մարդասիրական աղետի համար, որ առկա է այդ շրջափակման հետևանքով: