
2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախօրեին հրապարակեց ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Մեր հավաքականը հունիսի 8-14-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին կմրցի այս երկրի ազգային թիմի հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հետ: Առաջիկա հավաքին մասնակցելու համար Պետրակովը հրավիրել է միանգամից 28 ֆուտբոլիստների։ Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ալաշլերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը։ Տևական դադարից հետո ազգային թիմ են հրավիրվել «Ալաշկերտում» ելույթ ունեցող հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն և հարձակվող Արթուր Միրանյանը։ Փաստորեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վերլուծելով նախորդ հանդիպումները որոշում կայացրեց ամրացնել ազգային թիմի թիկունքը։ Այս տարվա մարտին Թուրիքայի և Կիպրոսի դեմ մրցավեճերում անկայուն խաղով աչքի ընկան դարպասպահներ Արսեն Բեգլարյանն ու Ստանիսլավ Բուչնևը։
Կիպրոսի դեմ խաղից հետո խոսելով Չանչարևիչին ազգային թիմ հրավիրելու հեռանկարի մասին Պետրակովը ասել էր, որ սերբ դարպասապահը 34 տարեկան է, շուտով կդառնա 35 և հասկացնել էր տվել, որ նրան հավաքական հրավիրելը նպատակահարմար չէ։ Նշենք, որ իրականում Չանչարևիչը 33 տարեկան է։ Հասկանալով, որ Բեգլարյանը և Բուչնևը «ական» են ազգային թիմի թիկունքում Պետրակովն այնուամենայնիվ փոխեց որոշումը և դիմեց սերբ դարպասապահի օգնությանը։ Ասել, որ նատուրալիզացնելով Չանչարևիչին ՀՖՖ-ն լուծեց հավաքականի դարպասապահի խնդիրը միանգամայն ճիշտ չի լինի։ Այո, Չանչարևիչը խաղային որակներով գերազանցում է Բուչնևին և Բեգլարյանին, բայց․․․։ Ցավոք այս դարպասապահի հետ մեծ հույսեր կապել չի կարել։ Հատկապես օդային պայքարում Չանչարևիչը հաճախ է սխալներ թույլ տալիս։ Ամենաթարմ օրինակը «Ուրարտուի» դեմ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի հանդիպումն էր։ Չանչարևիչի դարպասից ոչ ժամանակին դուրս գալու հետևանքով Յայա Սանոգոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Ամեն դեպքում Չանչարևիչին հավաքական բերելը պետք է համարել դրական քայլ, քանզի այս պահին այլընտրանք ուղղակի չկա։ «Չանչարևիչը «Ալաշկերտ» և Հայաստան տեղափոխվելուց հետո անչափ նվիրված է եղել մեր ակումբին, հետաքրքվել է մեր երկրի մշակույթով, օժտված է շատ լավ մարդկային որակներով և նույնիսկ որոշ չափով տիրապետում է հայերենին, խաղերի ժամանակ հուշումները կատարում է բացառապես հայերեն։ Սակայն, հավաքականի մարզչի նման՝ ըստ էության, Չանչարևիչին որպես հավաքականի թեկնածու դիտարկելու հարցը փակող պատասխանը, կարող է շատ վատ անդրադառնալ մեր երկրին մերված և մեր Ազգային թիմը ներկայացնել մեծ ցանկություն ունեցող դարպասապահի վրա։Վստահ եմ, որ այս պահի դրությամբ Օգնյեն Չանչարևիչն իր խաղային որակներով ակնհայտորեն գերազանցում է Հայաստանի հավաքականի մյուս դարպասապահներին և կարող է մեծ օգուտ տալ Ազգային թիմին։ Նաև վստահ եմ, որ այդ կարծիքս կիսում են ֆուտբոլային մասնագետների և երկրպագուների մեծամասնությունը»,- այս կերպ էր մեկնաբանել «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը Պետկարովի դիտարկումը Չանչարևիչի մասին։
Ինչևէ, ծանոթանալով Պետրակովի ցուցակին կարող ենք ասել, որ Պետրակովը մեծ հաշվով մոբիլիզացրել է ողջ ռեսուրսը։ Ազգային թիմ է հրավիրվել նաև «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը դուրս էր մնացել Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակից։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Պետրակովի ցուցակում լինելու են նաև ֆրանսիական «Նանտի» կիսապաշտան Գոռ Մանվելյանը, ինչպես նաև «Սպարտակի» պաշտպան Ստեփան Հովհաննիսյանը։ Վերջինիս գործակալը նախօրեին հայտարարել էր, որ իր ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյալ։
Գոռ Մանվելյանի ցուցակում չլինելու մասին տեղեկություններ դեռևս չկան։ Նախորդ հանդիպումների համեմատ հավաքական չի հրավիրվել գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինս իր թիմում խաղաժամանակ չի ստանում և զրկված է խաղային պրակտիկայից։