
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մենք պետք է որոշակիորեն փոխենք անվտանգության մեր ընկալումը:
«Անվտանգության երաշխիքների մասին ենք հաճախ խոսում, ասում ենք` ով այն կերաշխավորի: Մենք պետք է ոչ թե մտածենք` ո՛վ կերաշխավորի, այլ մտածենք` ի՛նչը կերաշխավորի մեր անվտանգությունը, որովհետև եթե խոսքը «ով»-ի մասին է, «ով»-ի կամքը մեր կառավարելիության տիրույթում չէ, իսկ «ինչ»-ը` խաղաղությունը, կարող է ապահովել մեր անվտանգությունը, և մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում: Սա բարդ խնդիր է, և ոչ մի երաշխիք չկա, որ մենք այն պատշաճ ձևով կկարողանանք լուծել, բայց կա իրական հնարավորություն: Ես դա անհնար չեմ համարում, ինձ պետք է ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը այդ խնդիրը լուծելու համար»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։
Փորձագետ Արբակ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ Հայաստանը պետք է ոչ թե անվտանգության երաշխավորներ փնտրի, այլ ստեղծի իր անվտանգության համակարգը, վերանայի իր արժեհամակարգն ու առաջնահերթությունները.«Ես ուրախ եմ, որ որոշ բաներ Փաշինյանի կողմից ասվեցին։ Իհարկե անձերն ու պետությունները չեն, որ պետք է մեր անվտանգությունն ապահովեն։ Անվտանգությունը սիստեմ է, որը շատ գաղտնի է։ Երկրի անվտանգությունը կախված է նրանից, թե անվտանգության սիստեմներն ու բաժինները ինչ ազդեցությամբ են աշխատում տարբեր տեղերում։ Իրենց գաղափարներով՝ ինչպե՞ս են իրենք ապահովում սեփական տան անվտանգությունը, դիվանագիտական ինչպիսի աշխատանք են պատկերացնում։ Ո՞նց են դնում իրենց դիրքը, որ իրենց տունն ու երկիրը դառնա անվտանգ»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե կարողանում են գաղափարային կենտրոնները, ողջ հայության ներուժը ճիշտ ձևով օգտագործել, ապա միանշանակ կհաջողես.«Խաղաղություն չկա, բոլորն իրենց պահանջներն են դնում։ Ինչքան տաս՝ ավելի շատ են ուզելու։ Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար։ Ես բազմիցս նշել եմ՝ մեր անվտանգությունը 1991-1992 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն չի ապահովել, աշխատանք է տարվել, որ մենք տարածաշրջանում ուժեղ լինենք, մեզ հետ ցանկանան խոսել»։
Միևնույն ժամանակ Արբակ Խաչատրյանն ասաց.«Հնարավոր է՝ այդ խաղաղությունն արտաքին մասին է, այդ դեպքում ինքը ճիշտ է։ Խաղաղություն է գոռում, բայց տակը հզոր աշխատանք իրականացնում, ուժն է ցույց տալիս, լծակներ ենք ունենում ազդելու իրենց բանակային ու նավթի սիստեմի վրա։ Սա բոլորովին այլ է։ Անվտանգությունը սա է։ Ես չգիտեմ՝ այդ խաղաղության տակ ինչ լծակներ են աշխատում։ Թե չէ՝ գոռալով եկե՛ք մեզ փրկեք, մենք պատրաստ ենք սա էլ տանք, նա էլ տանք ու այդ ընթացքում բոլորին զոհաբերենք, դա ամենավտանգավոր բանն է»,-նկատեց նա։
Ըստ Խաչատրյանի՝ հարցը պրոարևմտյան կամ պրոռուսական լինելը չէ, այս կամ այն կենտրոնում անվտանգության երաշխավորներ փնտրելը.«2013 թվականից ասում եմ՝ ՀԱՊԿ գոյություն չունի։ Եթե ճիշտ վարվեին՝ մենք անվտանգություն կստեղծեինք, այս վիճակի մեջ չէինք լինի։ Այսօր ռեալ չի երևում՝ ինչ կա այդ «խաղաղության» տակ։ Վտանգի տակ է ամենակարևոր բանը։ Ինչ կլինի այս վակուումի պայմաններում՝ անհայտ է։ Չէ՞ որ մոտ 20 տարի ժողովուրդը տեսել է, թե ինչ է արել ղարաբաղյան կլանը։ Թե ինչու Փաշինյանն իր լծակները չի օգտագործում՝ Եվրոպային դիմում, որ սանկցիաների տակ առնեն, հասկանալի չէ։ Սա է անվտանգության սիստեմը և ոչ զուտ «խաղաղություն» գոռալը»,-եզրափակեց նա։