
Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախաձեռնել է հասարակական-քաղաքական քննարկումների հարթակ, անվանելով այն «Գավիթ», և անցկացնելով առաջին քննարկումը Հայաստանի և Արցախխի անվտանգության թեմայով: Թեև ՀԱԵ ղեկավարության նախաձեռնության ֆորմալ ապաքաղաքականությանը կամ վերքաղաքականությանը, քննարկման ներգրավված հարգարժան անձանց շարքը բավականին ընդգծված է Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ արմատական ընդդիմադիր հայացքի և գնահատականների շրջանակով: Իսկ հարթակի ստեղծման վերաբերյալ Վեհափառ Հայրապետի խոսքում նշվում է, որ. ««Գավիթ» հարթակը հիմնադրվել է՝ տարբեր համոզմունքների և հայացքների տեր հեղինակավոր հասարակական և քաղաքական գործիչների, մասնագետների մասնակցությամբ քննարկելու ազգային, հոգևոր, կրթական, մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտներում մեր ազգին ու Եկեղեցուն հուզող կենսական հիմնահարցեր՝ նախանշելու դրանց հաղթահարման ուղիներ, ինչպես և նպաստելու հանրության մեջ երկխոսության ու համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։ Այս կարևոր նպատակին է կոչված ծառայելու նորաստեղծ հարթակը»:
Վերքաղաքական բազմազանության նպատակը շատ կարևոր է, ու եկեղեցին թերևս փորձում է այդ նախաձեռնությամբ իրականացնել վերկուսակցականության և վերքաղաքականության մի կարևոր առաքելություն, որ ըստ էության կարող է համարժեք լինել նրա ինստիտուցիոնալ դերին ու նշանակությանը: Բայց, այդ դերն ու նշանակությունը հերթական հարվածը կստանան և կդառնան պարզապես բաժանարար գծեր խորացնող մի նոր բաղադրիչ, եթե վերքաղաքական հռչակագրի ներքո, ՀԱԵ ղեկավարության նախաձեռնությունը պարզապես դառնա քաղաքական ղեկավարության հանդեպ ընդդիմադիր տրամադրությունների քաղաքական սպասարկման ձևաչափ:
Ի վերջո, Հայաստանի հանրությունն իր անցած երեք տասնամյակի ընթացքում և առ այսօր թե իշխանությունների, թե ընդդիմությունների մակարդակում տեսել է այնքան ու այնպիսի հնարքներ ու հնարամտություններ, որ ձեռք է բերել այդ ամենը տարբերակելու ահռելի փորձ և անգամ ինտուիցիա: Հանրությունն իրապես ունի համարժեք և բովանդակային վերքաղաքական առաքելության անհրաժեշտություն, հատկապես այն հանրությունը, որ վերջերս հրապարակված սոցհարցումներից մեկի համաձայն՝ իր 64 տոկոսով պարզապես չի վստահում որևէ քաղաքական ուժի: Բայց, հանրությունը չի վստահելու նաև որևէ քաղաքական ուժի «կամուֆլյաժի» դեր ստանձնող որևէ միավորի: Իսկ անմիջապես հասկանալ, կամ առնվազն «զգալ» այդպիսի հանգամանքները, հանրությունը, կրկնեմ՝ կարող է գրեթե ակնթարթորեն: Այդ առումով, Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նախաձեռնությունն ինքնին կարևոր ու արժեքավոր է, բայց, առկա է մի կարևոր հարց՝ եկեղեցու ղեկավարությունը ինքը կարո՞ղ է վերկանգնել քաղաքական նշաձողերից և շահերից, ու ապահովել հենց այն բազմազանությունը, որը պետք է դառնա Հայաստանում տարբեր քաղաքական մոտեցումներ ու պատկերացումներ ունեցողների երկխոսության հարթակ, այդ կերպ ծառայելով ոչ իբրև որևէ քաղաքական միավորի կամ հոսանքի «ծածկ», այլ նոր քաղաքական մշակութային նշաձողեր սահմանել քաղաքական ուժերի և տարբեր խմբերի համար: Սա շատ կարևոր, միաժամանակ շատ բարդ գործ է, որը կարող է բարձրացնել Հայ Առաեքելական Եկեղեցու հասարակական հեղինակությունը՝ անկախ ոչ միայն քաղաքական, այլ քաղաքացիական և անգամ մարդկանց «կրոնական» պատկերացումներից ու հավատամքից, եվ դրանով իսկ ապահովելով առկա նախաձեռնությունն ինստիտուցիոնալ ու բովանդակային զարգացման ենթարկելու լրացուցիչ ներուժ ու խթան, կամ կարող է պարզապես այդ հեղինակությունը հասցնել ՀԱԵ, լավագույն դեպքում որպես կուսակցություն ընկալելուն: