«Համաձայն ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի՝ ընտանիքի միասնականության սկզբունքի` մենք իրավունք ունենք պահանջելու փախստականի անձնագրեր և ուզում ենք օգտվել այդ իրավունքից: Կան 400-ից ավելի երիտասարդներ` 22-23 տարեկան, որ ծնվել են Հայաստանում և առանց անձնագրերի են շրջում, ոչինչ չեն կարողանում անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատուրյանը:
Հարցին` ինչո՞ւ նրանք չեն ցանկանում ստանալ Հայաստանի անձնագրեր, նա պատասխանեց, որ իրենք դեռ չեն ուզում, որովհետև շատ խնդիրներ ունեն լուծելու, սակայն մի բան են հասկացել, որ իրենց անձնագրեր չտրամադրելով` Հայաստանի իշխանությունները, գլուխներն ազատելու նպատակով ցանկանում են «փակել փախստականների թեման` իրենց թողնելով այս փոսում, այս ճահճում, որի մեջ ապրում են»: Բացի այդ, ըստ նրա` փախստականի անձնագիր ստանալը հնարավորություն կընձեռի իրենց, որ իրենց գոյության ու խնդիրների մասին իրազեկվի միջազգային հանրությունը:
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր հետ զրույցում ասել է, որ անձնագրեր չեն տրվելու սահմանը չհատած անձանց: «Իսկ ո՞ւր մնաց ՄԱԿ-ի` ընտանիքի միասնականության սկզբունքը: Դա նրա համար է, որ փախստականին ու նրա ընտանիքի մյուս անդամներին տրվի նույն կարգավիճակը: Իսկ իշխանությունները դա չեն ուզում ընդունել»,- ասաց վրդովված Ռ. Խաչատուրյանը: Նրա խոսքով` մի կողմից Գ. Եգանյանն ասել է, որ ոչ ոք իրավունք չունի ստանալ հայկական անձնագրեր, մյուս կողմից` փախստականների երեխաներին չեն կարող տրամադրել փախստականի անձնագրեր:
«Ինքն էլ չգիտի` ի՞նչ է ասում,- ասաց նա` ավելացնելով, թե իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են ինքնահոսի, ոչ ոքի պետք չեն, եկանք այստեղ բոբիկ, ծեծված, ջարդված, ու մեզ թողեցին ճակատագրի քմահաճույքին: Կոպիտ ասած` իշխանություններն ասում են` թողեք, գնացեք: Մեր իշխանություններին Հայաստանի փախստականների գոյության մասին հիշեցնում են ադրբեջանական իշխանությունները, երբ խոսում են իրենց փախստականների մասին»,- զայրացած նշեց Ռ. Խաչատուրյանը:
Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաև փախստականների համար առաջնային մեկ այլ խնդրի` բնակարանային հարցին` դժգոհելով, որ Ֆուչիկի 19 փողոցում իրենց համար կառուցված 9 հարկանի շենքի բնակարաններն այնքան փոքր են, որ հնարավոր չէ շարժվել: «Մարդ չի կարող իր ճակատագիրը կապել այդ բնակարանի հետ: Մեզ դեռ ասում են` մի հատ էլ շնորհակալություն պետք է հայտնեք, որ բնակարան ենք տալիս»,- նշեց նա` տեղեկացնելով, որ պատրաստվում են դիմում գրել ու պահանջել այնպիսի բնակարաններ, որը հաշվի կառնի նաև սեռերի տարբերությունը և ինչպիսիք կառուցվում են Աղետի գոտում:









































