
Ճապոնիայի կառավարությունը ծրագիր է ընդունել՝ առաջիկա 30 տարում կրկնակի կրճատելու փշատերև ծառերի ծաղկափոշու քանակությունը, որն ալերգիա է առաջացնում ճապոնացիների 40%-ի մոտ: Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասվում է նախարարների կաբինետի հրապարակած փաստաթղթում։
Ենթադրվում է, մասնավորապես, 50-ից մինչև 70 հազար հեկտար ընդլայնել ճապոնական մայրու ամենամյա հատումները, որոնք դարձել են ծաղկափոշու հիմնական աղբյուրը։ Առաջիկա տասը տարում այդ անտառների տարածքը, հնարավոր է, կկրճատվի 20%-ով, դրանց փոխարեն այլ ծառեր կտնկվեն։ Բացի այդ, 2024 թ.-ի գարնանը կգործարկվի ծաղկափոշու ցրման ուղղությունների նախազգուշացման նոր համակարգ՝ հիմնված գերհամակարգչի հաշվարկների և արհեստական ինտելեկտի վրա։
Բացի այդ, կառավարությունը սուբսիդավորելու է նոր դեղամիջոցների թողարկումն ալերգիայի այս տեսակի դեմ, որը տարբեր աստիճանի վնաս է հասցնում շնչառական և տեսողական օրգաններին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում լեռների լանջերին ընդարձակ տարածքների վրա հսկայական քանակությամբ փշատերև ծառեր են տնկվել՝ արժեքավոր փայտով: Հենց այս անտառներն են դարձել վտանգավոր ախտածին ծաղկափոշու աղբյուրը։
Այս տարվա ապրիլին խորհրդարանական լսումների ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ալերգիան համարել է «երկրի սուր սոցիալական խնդիրներից մեկը»։