
Հիպերձայնային հրթիռների վրա աշխատող ռուս ֆիզիկոս Անատոլի Մասլովի դեմ դավաճանության մեղադրանքով սկսվեց դատավարությունը։ Մասլովը պրոֆեսոր էր, գիտաշխատող Խրիստյանովիչի անվան տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտում, որը Ռուսաստանի առաջատար գիտական կենտրոններից է։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Անատոլի Մասլովը մեկն է այն երեք գիտնականներից, ովքեր աշխատել են Սիբիրի Նովոսիբիրսկի ինստիտուտում։ Ռուսաստանի իշխանություններն ասում են, որ մեղադրանքը շատ լուրջ է։ Գործը որակվում է որպես «հույժ գաղտնի» և փակ է լրատվամիջոցների և հանրության համար: Թեև մեղադրանքների մանրամասները գաղտնի են, սակայն տեղեկություններ կան, որ Մասլովը կասկածվում է Չինաստանին գաղտնիքներ փոխանցելու մեջ։
Մասլովին մոտ կանգնած աղբյուրը «Reuters»-ին հայտնել է, որ անցյալ հունիսին Նովոսիբիրսկում նրա ձերբակալությունից հետո գիտնականը երկու սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել։ Դրանից անմիջապես հետո Մասլովին ուղարկեցին Մոսկվայի Լեֆորտովո բանտ, որը նախկին ԿԳԲ-ի հարցաքննության վայր էր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մասլովն իրեն անմեղ է համարում եւ ասում, որ դավաճան չէ։ Ռուսաստանում դավաճանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ: