
Ռուսաստանի կողմից օկուպացված Զապոռոժյեի շրջանի Բերդյանսկում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել։ Միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում։
Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել օկուպանտների դիրքերի վրա օկուպացված Բերդյանսկ նավահանգստում։
«Ժամանակավորապես օկուպացված Բերդյանսկում աղմուկ է։ Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում։ Պայթյուններ են լսվել ամբողջ քաղաքում»,- գրել է Ֆեդորովը «Telegram»-ում։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բերդյանսկ նավահանգստում ռուսական դիրքերը ռմբակոծելու մասին տեղեկությունը հաստատում է Բերդյանսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Վիկտորյա Գալիցինան։