«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
-Պարոն Խուդավերդյան, Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի երդմնակալությունը տեղի է ունենալու հունիսի 3-ին, առ այս պահը ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցրել՝ Հայաստանից մասնակցություն լինելու՞, թե՞ ոչ։Կարծում եք կա՞ նման անհրաժեշտություն և առհասարակ ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։
–Նախևառաջ հարկ է արձանագրել, որ Էրդողանը հաղթեց շատ չնչին տարբերությամբ՝ 52 տոկոսը՝ 48-ի դեմ։ Ըստ իս՝ նման տարբերությունը խոսում է այն մասին, որ Էրդողանը կորցրել է իր հեղինակությունը թուրք հասարակության մեջ։ Բնական է, որ նա արդար կերպով չի հաղթել, այդ հաղթանակը կարողացել է ապահովել վարչական ռեսուրսի կիրառմամբ ու հասարակության շրջանում վախ տարածելով։ Ունենք այն ինչ ունենք և պետք է աշխատել արդեն նոր իրավիճակում։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա եթե Հայաստանը պատրաստվում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իհարկե պետք է հայկական պատվիրակությունից երդմնակալությանը մասնակցություն լինի։ Դա շատ կարևոր է, քանի որ երկրները պատրաստվում են կարգավորել միմյանց հետ հարաբերությունները։
-Ձեր դիտարկմամբ՝ կփոխվի՞ Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։Նկատելի էր, որ նախընտրական շրջանում հռետորաբանությունը փոքր ինչ մեղմվել էր, չհաշված, «Նեմեսիսի» արձանի հետ կապված հայտարարությունները։
–Թուրքիան դեռևս փակ է պահում օդային տարածքը Հայաստանի համար։ Ըստ իս՝ դրա պատճառը Հայաստանում ներկայումս առկա հակաթուրքական, հակաադրբեջանական քարոզչությունն է։ Կարծում եմ, որ եթե հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանան դրական հունով, ապա մյուս ճակատում էլ հաջողություն կլինի։ Արդեն դրական տեղաշարժ կա՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները։ Եվ ինչքան շատ համաձայնություններ լինեն՝ հռետորաբանությունն այնքան կմեղմվի։
-Մոսկվայում հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապատերը։ Նախքան հանդիպումը փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկվելու, մինչդեռ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը նշում է, որ միջանցքի բացման հարցը մոտենում է ավարտին։ Ինչպե՞ս հասկանալ դիրքորոշումների այս տարբերությունը։
-Բանակցությունների ընթացքի մասին մենք տեղեկատվություն չունենք, քանի որ դրանք ընթանում են փակ ձևաչափով։Մենք չգիտենք՝ ինչ է քննարկվում և հետևաբար միայն արդյունքի ժամանակ տեղեկատվություն կստանանք։
Միջանքի հարցն, ըստ իս, դեռևս քննարկման փուլում է։ Կարևոր է, որ տարածքային ամբողջականության ճանաչման առումով կողմերը համաձայնության են հասել։ Դա այն ելակետային դրույթն է, որը կանաչ լույս է բացում բանակցությունների արդյունավետ լինելու հետագա հեռանկարի վրա։
-Կարծում եք թուրքական ու ադրբեջանական կողմը կպնդե՞ն միջանցքի բացման հարցը։
-Ներկայումս միջանցքի վերաբերյալ թուրքական ու ադրբեջանական կողմերը նշում են, որ դա ցանկալի է, վերջնագրեր չկան։ Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը վերահսկելու են ռուսական զորքերը։ Մի խոսքով իրարամերժ հայտարարություններ են։ Ոչ միայն միջանցքը, այլ նաև անկլավների հարցը անհասկանալի է մնում։ Ինչպե՞ ս է լուծվելու անկլավների հարցը։ Ներկայումս սահմանագծման ու սահմանազատման աշխատանքը պաշտոնապես չի մեկնարկել։ Այդ հարցը ևս կարևոր է։
-Ամեն դեպքում դա իրենց համար սկզբունքայի՞ն է լինելու խաղաղության պայմանագիրը կնքելու հետ կապված։
-«Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջացել է 44 օրյա պատերազմից հետո։ Մինչև այդ «Զանգեզուրի միջանցք» չի քննարկվել։ Հիմնական գլխավոր հարցը եղել է տարածքային ամբողջականության ճանաչումը։ Հիմա, թե իրադարձություններն ինչպես կզարգանան՝ ցույց կտա ժամանակ։ Դեռ բանակցող կողմերին էլ հայտնի չէ, թե իրենք ինչ համաձայնության կգան միջանցքի հարցով։