«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
-Պարոն Չաքրյան, Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր նպատակն է ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք։ Նկատի ունենալով անվտանգության ու խաղաղության մասին Թուրքիայի պատկերացումները, ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել։
-Էրդողանն այս մասին առաջին անգամ է խոսում և լավ կլինի, որ բացատրի, թե կոնկրետ ինչ նկատի ունի։Պարզապես հիմա ֆինանսական ճգնաժամի մեջ է, թուրքական լիրայի արժեքը շարունակում է ընկնել և նա դրանով մտահոգված է նման հայտարարություններ անում։ Կա երկրների վարկավորման ռիսկերի գնահատման հայտնի կազմակերպություն։ Ընտրությունների առաջին փուլից առաջ Թուրքիայի ցուցանիշը 500 էր, հիմա արդեն 750 է դարձել։ Վենեսուելայինն ու Արգենտինայինը ևս այդքան բարձր է։ Փաստորեն, այս կազմակերպության տվյալներով, ամենաբարձր ռիսկայնության երկիրը Վենեսուելայից հետո Թուրքիան է, հետո նոր Արգենտինան։ Ընդ որում՝ անգամ կարճաժամկետ վարկ չեն տրամադրում։ Էրդողանը 40 տոկոսով է նույնիսկ խնդրում, չեն տրամադրում։ Էլ չեմ ասում՝ Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, Եվրոպայի ու ԱՄՆ-ի բանկերը վաղուց նրան վարկ չեն տալիս։
Այս ամենը նշեցի, որ հասկանաք, որ Էրդողանը բավականին բարդ իրավիճակում է և նրա հայտարարությունները պետք է դիտարկել ներքին խնդիրների համատեքստում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արտաքին քաղաքականության ականատես կլինենք։ ի՞նչ նկատի ունի նա՝ խաղաղության ու անվտանգության մասին խոսելիս։
-Այստեղ կարող եմ հանդիպակաց հարց տալ՝ Սիրիայում ե՞ս եմ բերել ահաբեկիչներին ապաստան տվել, կամ ե՞ս եմ անընդհատ հայտարարում, որ հեսա հարձակվում ենք Սիրիայի վրա, քրդերի վրա։ Ե՞ս եմ գնացել ղարաբաղյան պատերազմին մասնակցել, հետս էլ սիրիացի ահաբեկիչներին բերել ու ներգրավել։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
-Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանին այս փուլում Թուրքիայից վտանգներ սպառնու՞մ են։
-Տվյալ պահին վտանգ չի սպառնում։ Մեզ ամենամեծ վտանգը սպառնում է Պուտինից։ Առանց Պուտինի թույլտվության Թուրքիան չէր կարող մասնակցել պատերազմին, ոչ էլ կարող էր ահաբկիչներին ներգրավել։ Այն վայրը, որտեղից հավաքագրել են այդ ահաբկիչներին, անմիջական հարևանությամբ երկու ռուսական ռազմաբազա կա և սա պատահական չէ։
-Թուրքիայում ՌԴ դեսպանն է խոսել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է, թեպետ «սրբազան ժամկետներ» չկան։ Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է ռեալ այս գործընթացի հաջողությունը։
–Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը խոսում է այդ մասին, որովհետև հստակ է, որ ՌԴ-ն այս գործընթացից դուրս է մղվում ու դա անհանգստացնում է Մոսկվային։ Այս հայտարարությամբ ուզում է ասել՝ մենք կանք այս գործընթացում։
Դուք գիտեք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումները Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ են տեղի ունենում կամ ԱՄՆ պետքարտուղար Բլինքերի։ Լավրովն էլ սկսել է տեղի-անտեղի վայնասուն բարձրացնել։ Այն աստիճանի ստոր արարած է, որ մեր զինվորներին դիրքերից իջեցնում են ու հայտարարում, թե Հայաստանը ագրեսոր է։Եթե Ռուսաստանը դաշնակից չլիներ, թշնամի լիներ, էլ ի՞նչ պետք է աներ։
Էրդողանն այժմ ներքին ճգնաժամից դուրս գալու խնդիր ունի ու չեմ կարծում, թե Հայաստանի հետ հարաբերություններն առաջնային է համարելու։ Գումարն ամբողջությամբ ծախսել է, պատմության մեջ առաջին անգամ Կենտրոնական բանկը ճարահատյալ 4 տոննայից ավել ոսկի է վաճառել, բանկում 5000 դոլարից ավել չեն տալիս, արդյունաբերողի կամ ներմուծողի համար, դա ի՞նչ գումար է։ Ահա այս ներքին խնդիրներն են այս փուլում լինելու Էրդողանի առաջնահերթությունները։