Ամբողջ աշխարհն անորոշության մեջ է. այն, որ եվրոպական ավելի քան 40 երկրների ղեկավարներ հավաքվում են Քիշնևում նաև անորոշությունն է պատճառը: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, թե անորոշությունն է, որ այդ ձևաչափը ստեղծել է, և դա համատարած է:
Վարչապետն այսօր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից նախնական տեղեկություններ հաղորդեց` միաժամանակ նշելով.
«Սովորաբար առաջին տպավորությունից հետո գալիս է երկրորդը, երրորդը, տեսնում ենք` տեղում ինչ ազդեցություն է ունենում, բայց ընդհանուր առմամբ հանդիպումը պիտի համարենք օգտակար: Եթե փորձեմ կոնկրետացնել` ինչ եմ խոսել, որոնք են եղել թեմաները. առաջինը` Պրահայում պայմանավորվեցինք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի վրա. այն ստորագրվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Դա այն մասին էր, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը գոյություն ունեցող սահմանների շրջանակներում:
Բրյուսելում մենք մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, Հայաստանն` Ադրբեջանի 86 600 քկմ-ը: Մեր ըմբռնումն այն էր, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի ԲԱքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, որը պետք է գործի միջազգային ներգրավվածությամբ, որ օրակարգը մոռացության չմատնվի»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց` այսօրվա հանդիպումից շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է, իսկ ինչու` նախնական, պարզաբանեց` որովհետև պետք է ստուգել նաև Ադրբեջանի արձագանքը: