
Քիշնևի հնգակողմ հանդիպումից հետո իհարկե վերստին հնչելու են հանրային հարցադրումներն առ այն, թե ինչ արդյունք գրանցեց հանդիպումը, այն առաջընթա՞ց էր, թե՞ ոչ, ի՞նչ հարցերում է հնարավոր եղել մոտեցնել կողմերի դիրքորոշումները, և այլն, և այլն: Հարկ է նկատել սակայն, որ մինչ այժմ եղած գործնականում բոլոր հանդիպումների առնչությամբ տարբեր այդօրինակ հարցադրումներին տրված տարբեր պատասխանները բերել են թերևս մի եզրակացության, որը, եթե բնորոշենք այսպես ասած սոկրատեսյան տրամաբանությամբ, կարող ենք ասել՝ մենք գիտենք., որ մենք ոչ մի բան չգիտենք: Տվյալ պարագայում, գիտենք թերևս մի բան, որ Ադրբեջանը շարունակում է ներկայանալ ուժի և մաքսիմալիստական անվերապահ դիրքից, ու դրա համար չի արժանանում գոնե նվազագույն պատասխանատվության և հասցեական գնահատականների:
Սրանով թերևս գոնե առայժմ ամեն ինչ ասված է, իսկ եթե դրա ներքո մնում են տարբերվող չասված բաներ, ապա դա արդեն այլ խոսակցության նյութ է: Հայաստանի կառավարությունը համենայն դեպս հայտարարում է, որ չասված բաներ չկան և հանրությանը ասում է այն, ինչ կա: Իսկ Հայաստանի կառավարությունն առայժմ ասում է, որ չկա համաձայնություն ամենից կարևոր և սկզբունքային հարցերի շուրջ:
Մտածել, թե Քիշնևը ապահովել է կամ մոտեցրել այդպիսի համաձայնության հեռանկարը, թերևս նշանակում է լինել իրականությունից որոշակիորեն կտրվածծ լավատես: Որովհետև, քիշնևյան ֆորմատը ավելի շուտ հարակից է, քան առաջնորդող: Հետևաբար, չի կարող լինել առաջնորդողներից ավելի արդյունավետ: Ըստ էության, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնությունը, որի շրջանակում տեղի է ունենում ձևաչափը, աշխարհաքաղաքական և աշխարհակարգային պայքարում ձևավորված մի նախաձեռնություն է, որով Ֆրանսիան փորձելով ստեղծել եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումների ընդհանուր մի հարթակ, ձգտում է ապահովել մի հարթություն, որտեղ կլինի դրության շատ, թե քիչ տեր, շատ թե քիչ առաջնորդող կամ առաջատար: Ցավոք, Ֆրանսիան ներկայումս այդ խնդիրների առաջ է: Ընդ որում դրա ֆոնին է հատկանշական նաև, որ Թոււրքիայի նախագահ Էրդողանն իր վերընտրությունից հետո հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության երկրորդ Վեհաժողովին, թեև առաջինին, որ նախորդ տարի տեղի ունեցավ Պրահայում՝ մասնակցել էր:
Ինչպես նկատել էի նախօրեին հրապարակված հոդվածում, հայ-ադրբեջանական հակամարտության քննարկումը Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում, անկասկած փորձ է դարձնել այն եվրոպական անվտանգոության ճարտարապետության հեռանկարներում Ֆրանսիայի ռազմավարության մարտավարական կռվաններից մեկը, հաշվի առնելով այն, որ Փարիզն այդ իմաստով որոշակի խաղային ներուժ ունի Կովկասում:
Այս հանգամանքը կարևոր է նաև Երևանի համար, հաշվի առնելով Ֆրանսիայի ու Հայաստանի, ինչպես բնորոշվում է՝ առանձնաշնորհյալ քաղաքական հարաբերությունը: Այդ իմաստով, ֆրանսիական լայն նախաձեռնության հարթակում հայ-ադրբեջանական հակամարտության «տեղավորման» հանգամանքը կարևոր է Հայաստանի համար, այլ ձևաչափերի հանդեպ բալանսավորումն ապահովելու համար: Այլ կերպ ասած, Հայաստանի համար այստեղ կա ձևաչափը զարգացնելու խնդիր, այլ ոչ դրանից որոշակի բովանդակային արդյունք քաղելու, քանի որ տվյալ ձևաչափը դեռևս հեռու է «բերքատվությունից»: