
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սյունիքի հատվածի շինարարությանն ասել է, որ միջազգային դոնոր գործընկերների հետ եղել են անհամաձայնություններ և աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ, ինչը ցավոք դանդաղեցնում է աշխատանքը: Նա ասել է, որ առաջիկայում կհայտարարեն մրցույթ Քաջարանի թունելի կառուցման համար, իսկ մինչ այդ իրականացրել են Քաջարան-Ագարակ մրցույթը: Փաստացի ունենք այն, որ Սյունիքի ուղղությամբ ճանապարհի շինարարությունը դեռևս սկսված չէ և նույնիսկ երևի թե պարզ էլ չէ, թե երբ կսկսվի, ու հնարավոր է՝ որ բոլոր դեպքերում ոչ այս տարի: Ավելին, Հայաստանը փաստացի դեռ չի ավարտել նաև Տաթև-Սիսիան ամբողջական ճանապարհահատվածի շինարարությունը, ու թեև զգալի հատվածներ արդեն պատրաստ են, այդուհանդերձ՝ ամբողջ ճանապարհը դեռևս՝ ոչ: Մինչդեռ, խոսքը մի ճանապարհի մասին է, որ պետք է լինի մեծ բեռնափոխադրումների հիմնական ճանապարհը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրա շնորհիվ պետք է շրջանցվեն Տաթևի ոլորանները, որոնք «անմատչելի» են մեծ բեռնատարների համար:
Անկասկած է, որ Հայաստանում ռազմավարական նախագծերի իրականացման աշխատանքը ընթանում է բավականին դանդաղ: Այսինքն, միայն Երևանի փողոցներում չէ, որ մի քանի փոսը ասֆալտապատելը կարող է տևել մի քանի շաբաթ, կարող են քաղաքային ճանապարհները «քերված» մնալ շաբաթներով՝ լինելով վթարային իրավիճակների պատճառ: Դանդաղկոտությունը համատարած է, այդ թվում նաև ռազմավարական նշանակության աշխատանքի առնչությամբ: Դրանց համար կարող են գտնվել բազմաթիվ «օբյեկտիվ» պատճառներ, որ կբերեն տարատեսակ պաշտոնյաները, որպես կանոն դրանցից որևէ մեկի շարքում չդնելով իրենց կամ անմիջական ենթակաների ցածր արդյունավետությունը: Մինչդեռ, խնդիրը պարունակում է երկու առանցքային հանգամանք:
Մի կողմից, ռազմավարական նշանակության նախագծերի արագությունը պահանջում է առկա ռազմա-քաղաքական իրավիճակը, որ կա աշխարհում ու ռեգիոնում:
Ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերը մի կողմից բարձրացնում են պետության կենսագործունեության ներուժը, մյուս կողմից՝ նաև դրանով պայմանավորված բարձրացնում են պետության արտաքին քաղաքական կշիռը: Օրինակ, երբ մենք անվերջ խոսում ենք նույն Սյունիքի աշխարհաքաղաքական ռազմավարական նշանակության մասին, պետք է նաև հստակ պատկերացնենք, որ Սյունիքի պաշտպանությունը Հայաստանից պահանջելու է ոչ միայն անմիջական պաշտպանական, այլ նաև տնտեսական, ենթակառուցվածքային ամուր գործիքակազմ: Իսկ ճանապարհներն այդ իմաստով հիմնարար նշանակության գործոն են:
Մյուս հանգամանքը, որ պարունակում է խնդիրը, պետական էֆեկտիվության արտաքին այցեքարտն է: Որքան էֆեկտիվ է պետությունը կառավարման, առավել ևս ռազմավարական նշանակության նախագծերի նպատակադրման և իրականացման գործում, որքան արագ է կատարում այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը՝ ստանդարտ, և հարկ եղած դեպքում ոչ ստանդարտ միջոցներով, այդքան այդ պետությունն ավելի բարձր հեղինակություն ու գործընկերային վարկ է ձեռք բերում արտաքին միջավայրում: Ի վերջո, ինչպես ներսում, դրսում առավել ևս գնահատվում են գործերը, ոչ թե խոսքերը՝ եթե դրանք վերաբերեն անգամ տիեզերական մասշտաբների: