РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի ԱԳՆ-ի այն մեղադրանքները, թե ռուսական մարտական ուղղաթիռները խախտել են Վրաստանի օդային սահմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 7-ին թռիչքներ չեն իրականացրել Վրաստանի ԱԳՆ-ի նշած վայրում.
«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ու ուղղաթիռների բոլոր թռիչքները խստորեն կանոնակարգված են զորամասերի հրամանատարների կողմից, և գտնվում են օդային շարժման ղեկավարման մարմինների վերահսկողության տակ։ Ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի թռիչքների նշանակումը ֆիքսված է օբյեկտիվ վերահսկման միջոցներով և իրականացվում է միջազգային նորմերի խիստ պահպանմամբ՝ առանց այլ երկրների սահմանները խախտելու»։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն նշել է, թե սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 13.05-ին, Շատիլի լեռնային գյուղի շրջանում «Մի-8» տիպի ռուսական 3 մարտական ուղղաթիռներ խախտել են Վրաստանի օդային սահմանը և մոտ 3 կիլոմետր ներս խորացել։ Ռուսական ուղղաթիռները Վրաստանի օդային տարածքում են գտնվել 15 րոպե։











































