Տիգրան-Մեծի 4 հասցեում՝ «Երևան» կինոթատրոնի հարևանությամբ և գրեթե հրապարակում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության ու «Հայարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ շենքի նկուղային հարկում, զվարճանքի կենտրոն է կառուցվելու:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդ շենքի որոշ մասը պատկանում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, և վերջինս նեղ շրջանակում հայտարարել է, որ շենքի նկուղային հատվածում զվարճանքի կենտրոն կառուցելու համար ստացել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի «դաբրոն»: Նախատեսվում է, որ համալիրը ունենալու է սաունա, բիլիարդ, առանձնասենյակներ, ինչպես նաև ունենալու է չորս մուտք:
• Հիշեցնենք, որ, մինչ բնապահպանության նախարար լինելը, Արամ Հարությունյանը զբաղեցնում էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, իսկ «Հայարդնախագիծ ինստիտուտը» թեև անմիջականորեն չի ենթարկվում քաղաքաշինության նախարարությանը, սակայն որոշակի կապ կա:
Հիշեցնենք նաև, որ 2006 թ. նույն շենքի տանիքին վեցերոդ հարկի կառուցման աշխատանքներ էին տարվում, և այն ժամանակ քաղաքաշինության նախարարն էր հենց Արամ Հարությունյանը:








































