
Ալիևը բացահայտեց, որ ՌԴ-ն աջակցում է «միջանցքի» ադրբեջանական պահանջին: Այդ գնահատակաները տարածվեցին Հայաստանում, երբ ԵՏՄ Վեհաժողովում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի հայտնի «բանավեճը» և Ալիևը հայտարարեց, թե Ռուսաստանն էլ աջակցում է «զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական մոտեցմանը: Հայաստանում շատ քաղաքական և փորձագիտական շրջանակներ դա հանրությանը մատուցեցին իբրև «հայտնագործություն», իսկ շատերը անգամ հնչեցրին գնահատական, թե Ալիևը «բացահայտեց» կամ «մատնեց» Պուտինին:
Գործնականում սակայն, այդ ամենը հուշում է Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսի՝ իրականությունից որոշակի շեղված լինելու, իրականության ընկալման խնդիրներ ունենալու մասին: Հուշում է այդ մասին այն պարզ պատճառով, որ ամեն ինչ գործնականում շատ պարզ գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Ռուսաստանի ցանկությունը պարզ շարադրված է այդ կետով, որտեղ Ռուսաստանին վերապահվում է Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումների վերահսկողություն: Նկատենք, սա կարևոր դետալ է, որ՝ ոչ թե ճանապարհի կամ ինչ որ «միջանցքի» վերահսկողություն՝ ինչպես հստակ ամրագրված է Լաչինի միջանցքի վերաբերյալ կետով, այլ բեռնափոխադրումների: Իսկ Ադրբեջանը ցանկանում է ոչ թե դա, այլ «հայելային» նույնություն Լաչինի միջանցքի ռեժիմի հետ: Երբ ԱլիևըԵՏՄ նիստում հայտարարում է որեւէ բան՝ Ռուսաստանին նույն կերպ մտածելու մասին, ընդ որում անելով դա բավականին ընդհանրական ձեւակերպումներով, նրա հաշվարկը հենց գերազանցապես հայկական արմատական ռեակցիա առաջացնելն է, ուրիշ ոչինչ:
Մինչդեռ, հայկական «ռեակցիան» ունի պարզելու, «բացահայտելու», լուծելու այլ կարևորխնդիրներ, կապված ճանապարհների, հաղորդակցության հարցի հետ: Այն, ինչ ցանկանում, ինչին ձգտում է Ռուսաստանը՝ պարզ է, գրված է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Հայաստանի համար դա որքան է ընդունելի, կամ անընդունելի՝ սա հարցի մեկ այլ կարևոր կողմ է, որի համապարփակ քննարկման ու գնահատման համար նույնքան կարևոր է իմանալ «մյուս կողմը», այսինքն այն, թե ի՞նչ են պատկերացնում, ի՞նչ ռեժիմ են դիտարկում հայ-ադրբեջանական մյուս միջնորդները՝ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ:
Որովհետև, հայտարարությունները ճանապարհների հանդեպ սուվերենության մասին, դեռ ամբողջ պատկերը չեն: Ի՞նչ գործնական ռեժիմով պետք է տեղի ունենան բեռնափոխադրումները, որոնք պարզապես բեռնափոխադրումներ լինել չեն կարող, քանի որ ճանապարհը պարզապես ճանապարհ չէ, այլ աշխարհաքաղաքական, ըստ այդմ ռազմա-քաղաքական և աշխարհ-տնտեսական կարեւոր գիծ: Հայաստանի հանրությունը ունի հենց այդ՝ այլ մոտեցումները հանգամանալից պարզելու խնդիր, բոլոր մոտեցումները համապարփակ գնահատելու և իր գործողություններն ու որոշումները հասկանալու համար: