
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որով խստացվում է Արցախում գործող ռազմական դրության պայմանները: Մասնավորապես, ըստ հրամանագրի, արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում»:
Արայիկ Հարությունյանի հրամանգիրը սահմանափակում է նաև կարծիքի արտահայտման ազատությունը, արգելում տեղեկատվության որևէ միջոցով Արցախի պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը: Հրամանագիրը ստորագրելուց առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր տեսակի քաղաքական խորհրդակցությունները, որոնց մասին հայտարարել էր Սամվել Բաբայանի կազմակերպած հայտնի հանրահավաքից հետո:
Նախագահ Հարությունյանը այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետի հայտնի հայտարարություններից հետո, որ հնչեցիn նրա մեծ ասուլիսի ու նաև խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, որոնք վերաբերում էին Ադրբեջանի տարածքային ամբողջությանն ու Լեռնային Ղարաբաղին: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները Արցախի նախագահին տվեցին քաղաքական քայլի հիմք, առիթ, որով նա հայտարարեց իրադրությունը ամբողջապես իր նախագահական լիազորության դաշտում հավաքելու, դե ֆակտո իր ձեռքը վերցնելու մասին, եթե Բաբայանի հանրահավաքից հետո իրավիճակ էր, երբ կարծես թե նշմարվում էր Արցախում իշխանության վերաբաշխման միտում կամ առնվազն դրա շուրջ քննարկումներ: Ավելին, հաջորդիվ արդեն Արցախի նախագահը իր հրամանագրով իրավական ամրություն տվեց իր քաղաքական որոշմանը:
Կրկնեմ, հատկանշական է, որ այդ ամենի առիթ տվեց Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով: Մյուս կողմից, այդ հայտարարությունների բովանդակությունն ինքնին, օբյեկտիվորեն, անկախ դրանց տողատակային հնարավոր շերտերից, Արցախն ու դրա քաղաքական վերնախավը դնում է նոր իրողությունների առաջ, առերեսում բարդություններին, որոնք Ստեփանակերտից պահանջում են սուբյեկտային լրջմիտ գործողություններ: Տվյալ պահին իհարկե Արայիկ Հարությունյանի քայլերը որոշակիորեն առաջացնում են հարց՝ դրանք լոկ նախագահ Հարությունյանի՞ սուբյեկտությունն ամրացնող, թե՞ նաև Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության բարձրացմանն ուղղված հայեցակարգային ճանապարհ բացող որոշումներ են: Խոշոր հաշվով, այն, ինչ արտահայտված է Հարությունյանի քայլերով, բոլորովին չի հակասում այն իրավիճակին ու դրանից բխող մարտահրավերներին, որում այսօր Արցախն է: Մյուս կողմից, անկասկած է նաև, սահմանափակումներին զուգահեռ, Արցախի իշխանությունը պետք է ի վիճակի լինի ապահովել հանրային հնարավորինս լայն ներառականություն այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի սուբյեկտությանն ու օպերատիվ և ռազմավարական խնդիրների լուծմանը: Հակառակ պարագայում, առկա իրավիճակում օբյեկտիվորեն հասկանալի քայլերը կարող են ունենալ հակառակ էֆեկտ և Արցախում խորացնել հանրային և քաղաքական տարբեր աստիճանի բեվեռացումները, ինչը չի կարող ունենալ կայուն և օգտակար արդյունք: