
Փարիզում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե Քիշնևում հնարավոր է «վերջապես ստորագրվի» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր: Ըստ նրա, պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել: Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը բավականին կոնկրետ է: Այստեղ կարող ենք դիտարկել մի քանի հանգամանք: Կամ դեսպանը, որ ԱԳՆ նախկին խոսնակն էր, պարզապես տրվել է ինքնագործունեության և խաղաղության վերաբերյալ զեղումների, կամ նրա հայտարարությունը համաձայնեցված է Բաքվի հետ, իսկ դա նշանակում է, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական քաղաքական համայնք ֆրանսիական նախաձեռնության երկրորդ Վեհաժողովի շրջանակում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման անոնսավորումը Բաքվի քաղաքական քայլ է:
Ի՞նչ նպատակով, եթե խոսքը դեսպանի ինքնագործ «հույսի» մասին չէ: Մեծ հավանականությամբ, Բաքուն պարզապես պատրաստվում է Քիշնևում սպասվող՝ Մակրոն-Շոլց-Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը դրսևորել ապակառուցողական վարք, ինչից առաջ դրսևորվում է որպես խաղաղությանն անհամբեր սպասող խաղացող, պատրաստ օգտագործել «պատմական պահը»:
Այն, որ Ադրբեջանի համար հնգակողմ ձևաչափը մեղմ ասած ոչ միայն «պատմական պահ» չէ, այլ նույնիսկ անցանկալի հարթակ, վկայեց Սոթքի սադրանքից հետո Բաքվի ԱԳՆ հայտարարությունը, որ իրենք հնգակողմին կմասնակցեն միայն այն դեպքում, երբ այն չհավակնի փոխարինել Բրյուսելի եռակողմ հարթակին, այլ պարզապես լինի ոչ պաշտոնական շփում: Հետևաբար տարօրինակ է, որ այդ դիրքավորում ունեցող Բաքվի դեսպանը օրեր անց խոսում է Քիշնևում փաստաթուղթ ստորագրելու «պատմական պահը» բաց չթողնելու կարևորության մասին:
Ընդ որում հատկանշական է, որ այդ մասին արտահայտվում է հենց Ֆրանսիայում Բաքվի դեսպանը, երկրում, որը թե Քիշնևում տեղի ունենալիք մեծ միջոցառման գաղափարի հեղինակն է՝ Եվրոպական քաղաքական համայնք, և թե քառակողմ, իսկ հունիսի 1-ին հնգակողմ ֆորմատի նախաձեռնողն ու շահառուն: Հենց դրա առաջ Ադրբեջանը գուցե ստեղծում է ապակառուցողականության իր «ալիբին»: Այստեղ իհարկե կարևոր նրբերանգ է այն, որ այդ «ալիբին» կարող է վերաբերել ոչ միայն հունիսի 1-ին ապակառուցողականությանը՝ դա կարող էր լինել չարյաց փոքրագույնը, այլ այդ կերպ նաև դրանից հետո որևէ նոր սադրանքի գնալուն: Այստեղ է, որ դեսպանի հայտարարությունը ունի համակ ուշադրության կարիք, այդ թվում առաջին հերթին հնգակողմ ֆորմատի նախաձեռնողների համար: