
Կարևորը վերջնական արդյունքն է: Այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում: Եվ հենց նույն պատճառներով դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև դարձյալ, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով և, ըստ էության, հայեցակարգային առումով… Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել», Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրման մասին ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, լրագրողներ հարցերին ի պատասխան անդրադառնալով առանց որևէ փաստաթղթի ստորագրման ավարտված մոսկովյան հանդիպմանը: Պեսկովի խոսքում իհարկե առավել հետաքրքրություն հարուցողը հանգամանքների հայեցակարգային փոփոխության մասին արտահայտությունն է: Ընդ որում, այդ փոփոխությանը կամ այդ հանգամանքներին անդրադարձել եմ դեռևս Մոսկվայի հանդիպումից առաջ, դիտարկելով այդ հանդիպմանը նախորդող ԵԱՏՄ վեհաժողովն ու դրան Իլհամ Ալիևի մասնակցությունը, Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահների հեռավար մասնակցությամբ հանդերձ:
Հայեցակարգային փոփոխությունները, որոնց մասին խոսում է Պեսկովը, ըստ ամենայնի առնչվում են հենց դրան, ինչի մասին խոսել էի նաև մոսկովյան հանդիպմանը նախորդած դիտարկմանս շրջանակում: Ադրբեջան, Ուզբեկստան և Տաջիկստան «ոչ անդամ» եռյակի առաջին մասնակցությունը ԵԱՏՄ վեհաժողովին, անկասկած մեկ այլ եռյակ կոմբինացիայի ուրվագծման դրսեւորում է՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան: Այստեղ է հայեցակարգային այն փոփոխությունը, որը կարող է շատ, թե քիչ փոխել Ադրբեջանի վարքագիծը, առնվազն տակտիկական իմաստով: Միևնույն ժամանակ իհարկե ակնառու է, որ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռանկյունու աշխուժացմանը զուգահեռ, աշխուժանում է Վաշինգտոն-Բրյուսել-Լոնդոն եռանկյունին:
Մոսկվայի հանդիպումից անմիջապես հետո Երևանում է ԱՄՆ՝ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Լ. Բոնոն: Թե՞ ՌԴ նախագահի խոսնակն ասելով հայեցակարգային փոփոխություն, նկատի ունի ոչ միայն, կամ գուցե ոչ այնքան Չինաստան-ՌԴ-Իրան եռանկյունու աշխուժացումը, այլ օրինակ այն, որ դրա արդյունքում մի կողմից ավելի սուր մրցակցություն ենթադրող ակտիվությամբ, մյուս կողմից Մոսկվայի հանդեպ որոշակի շփումների պատրաստակամություն է առաջացել Վաշինգտոնում: Այդ առումով էլ, մենք դիտարկել ենք դեռևս վաշինգտոնյան քառօրյա բանակցային մարաթոնից անմիջապես հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հանդիպումը ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ, այլ հաղորդակցությունը դիտարկելով պարզապես Հայաստանի միջոցով ԱՄՆ-Ռուսաստան հաղորդակցության հավանական դրվագ: Բոլոր դեպքերում, Ալիևի ներկայությունը ԵՏՄ վեհաժողովում իսկապես խոսում է շոշափելի հանգամանքների փոփոխության մասին: Պարզապես, ներկայիս միջազգային հարաբերություններում ազդեցությունն ու հակազդեցությունը դրսեւորվում են չափազանց կոշտ և օպերատիվ: