
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը արձագանքելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել այդ հանդիպմանը, սակայն ուշադրությամբ հետևում է դրան և պատրաստ է շարունակել երկու երկրների համաձայնության հասնելու իր հանձնառությունը: «Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», -հայտարարել է Միլլերը: Այդ հայտարարությունը բավականին բազմիմաստ է:
Մի կողմից թվում է, թե Վաշինգտոնի արձագանքը Մոսկվայի հանդիպման առնչությամբ լոյալ է: Մյուս կողմից, հայտարարությունը, թե «շարունակում են հավատալ համաձայնության հնարավորությանը», առնվազն թույլ է տալիս դիտարկել մի հետևյալ չբարձրաձայնվող տոնայնություն՝ «շարունակում ենք հավատալ, չնայած Մոսկվայի հանդիպմանը»: Ասել կուզի, դիվանագետի ձևակերպումները լինելով բազմիմաստ, հիմք են տալիս դրանք դիտարկել նաև այսպես ասած հակառակ տրամաբանության համատեքստում և ընկալել իբրև արձանագրում, որ, թեև Մոսկվան խանգարում է իրենց, բայց իրենք կշարունակեն հանձնատռու լինել և հավատալ համաձայնությանը: Ընդ որում, այդ համատեքստը գոնե առերևույթ առավել «համադրելի» է հրապարակային իրողություններին, որ առկա են Նահանգների և Մոսկվայի միջև ավելի լայն առումով՝ ուկրաինական պատերազմ, դրանից ածանցվող թեմաներ: Հենց այդ հանգամանքն է թերևս, որ թույլ չի տալիս տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն, հաստատուն համաձայնության տեսանելի հեռանկար, որը կունենա այսպես ասած արդարացի տրամաբանություն, այլ ոչ թե կլինի հայկական կողմի հաշվին՝ ենթարկվելով Ադրբեջանի ուժային գերակշռությանը, որի լոյալ կիրառման միջավայր է ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունն ու մրցակցությունը:
Ինչպես ասում են, երբ կռվում են երկու շուն, հաջողում է ճամփորդի գործը և Ադրբեջանը ներկայումս աշխարհաքաղաքական դիմակայությունը գնահատում է հենց այդ տրամաբանության շրջանակում, իրեն դիտարկելով ճամփորդ, որն այս դեպքում իհարկե փակել է օրինակ Արցախի ճանապարհն ու արդեն ամիսներ անպատիժ կերպով մարդասիրական ճգնաժամի դատապարտել Արցախը, իրավիճակը հասցնելով ընդհուպ մարդասիրական աղետի, բնապահպանական աղետի: Ադրբեջանը փակել է ոչ միայն ճանապարհը, այլ նաև գազն ու էլեկտրաէներգիան, որ Արցախ էր գնում Հայաստանից: Տեղի են ունեցել հանդիպումներ Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, ու դրանցից որևէ մեկից հետո որևէ նախաձեռնող, կազմակերպիչ, միջնորդ չի բարձրաձայնել մարդասիրական այդ աղետի և դրա անթույլատրելիության մասին: