Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» և «Կանաչների ձախ կուսակցության» առաջնորդները հայտարարել են, որ մայիսի 28-ին Թուրքիայում նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարելու են ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ինչպես Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին երկու կուսակցությունների առաջնորդները, իրենց նպատակը մնում է «ընտրությունների միջոցով Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռացնելը»։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն ասել է, որ մայիսի 28-ը «ռեժիմը փոխելու հանրաքվե է»։
Ինչպես գրում է թուրքական «Daily Sabah»-ը, այս հայտարարությունն արել են քրդամետ քաղաքական կուսակցությունների առաջնորդները, չնայած այն բանին, որ ուլտրաաջ «Հաղթանակ» կուսակցությունը նույնպես հայտարարել է Քըլըչդարօղլուին աջակցելու մասին, ինչն աննախադեպ է։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է ահաբեկիչների հետ գործ ունենալու մեջ։ Նա պնդել է, որ ընդդիմադիր թեկնածուն օգնություն է ստանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, որի դեմ ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով դատավարությունը շարունակվում է։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։