
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
-ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում մեղադրել է արևմուտքին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին միջամտելու, ռուս խաղաղապահներին վարկաբեկելու մեջ։ Կարծում եք արևմո՞ւտքն է վարկաբեկում խաղաղապահներին, թե՞ հենց իրենք են իրենց վարկաբեկում՝ բացահայտ անգործությամբ։
–Նախևառաջ նշեմ, որ սա ՌԴ Պաշտպանության նախարարի կողմից արված տաղտկալի հայտարարությունն է, ով «խաղաղապահ ուժերի» քողի տակ օկուպացված ռուսական զորքերի հետ մի շարք հանցագործություններ է կատարել մեր ժողովրդի և մարդկության դեմ։ Ողջ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունները գալիս են հենց Ռուսաստանից և նրա դերակատարությունից՝ ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան կարգավորման գործում։ Ի տարբերություն Հարավային Կովկասի տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի տարածքում Ռուսաստանի հանցավոր և անբարոյական քաղաքականության, այսպես կոչված Արևմուտքը՝ ավելի լայն իմաստով քաղաքակիրթ աշխարհը, որը հարգում է միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, փորձում է փոխել վտանգավոր միտումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում , կանխել նոր ցեղասպանությունը ղարաբաղցիների դեմ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից։ Այո՛, Արևմուտքը փորձում է օգնել մեր ժողովրդին։ Եվ ես այս քաղաքականության ճարտարապետներից մեկն եմ՝ կողմնորոշման փոփոխություն ֆաշիստական Ռուսաստանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դեպի Արևմուտք, որն ավելի նախընտրելի է մեզ համար։ Ես բազմիցս ասել եմ ձեր գործակալությանը, որ ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակ առաջ եմ քաշել ԵՄ քաղաքացիական առաքելություն հակամարտության գոտի ուղարկելու գաղափարը և ուրախ եմ, որ այն իրականացվում և գործում է Հայաստանում՝ կանխելով հնարավոր սարսափելի ոտնձգությունները Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից։
-Այս կոնտեքստում Շոյգուն մատնանշել է նաև ԵՄ դիտորդների ներկայությունն ու անհրաժեշտ համարել ՀԱՊԿ դիտորդներին տարածաշրջան ուղարկելը։ Հայաստանին պե՞տք են ՀԱՊԿ դիտորդներ, ինչքանո՞վ են նրանք ԵՄ դիտորդների հետ համատեղելի։
–Հարց ունեմ՝ ինչպիսի՞ն են ՀԱՊԿ անդամների ազգային-պետական գաղափարախոսությունները։ Եվ ես ինքս կպատասխանեմ՝ կան երկրներ, որոնք չեն թաքցրել և հիմա էլ չեն թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, և հակամարտության հարցում աջակցում են Ադրբեջանին։ Հայաստանն իր քաղաքական ղեկավարությամբ, մեկ անգամ չէ, որ «վառվել է» այս կառույցի կողմից, չեմ կարծում, որ նա ինքնասպանական գործողություններ կկատարի՝ թույլ տալով, որ նման առաքելություն հայտնվի իր տարածքում։ Բացառություն կա, որով կարելի է թույլ տալ նման առաքելության՝ բացառապես քաղաքացիական ներկայությունը։ Սա այն դեպքում, եթե ռուսական օկուպացիոն զորքերը վերականգնեն հաղորդակցությունը Լաչինի միջանցքով, վերադարձնեն պատերազմից հետո կորցրած բոլոր տարածքները՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Եվ այնուամենայնիվ, հայկական հատուկ ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն նման առաքելության ողջ գործունեությունը, այդ թվում՝ հեռախոսային և ռադիոխոսակցությունները, նամակագրությունը և այլն։ Քանի որ զարգացման նման ընթացքը ֆանտազիայի ժանրից է, Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ հրաժեշտ տա այս հակահայկական միջազգային միջկառավարական կազմակերպությանը։ Եվ որքան շուտ, այնքան լավ ու առավել քիչ ցավոտ կլինի հայ ժողովրդի համար։
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Պաշտպանության նախարարի չմեկնելը Մինսկ, Հայաստանի այս դեմարշներն ի՞նչ հետևանքներ կունենան։ Հնարավո՞ր է առհասարակ լքենք այդ կառույցը, թե՞ ռիսկերն ավելի կմեծանան։
-Ողջունում եմ Հայաստանի պաշտպանության նախարարի նման քայլը։ Նախորդ պատասխաններում ես անդրադարձել էի այն կետին, թե ինչու Հայաստանը պետք է լքի այս նողկալի կազմակերպությունը։ Երևանը նման քայլով պետք է քաղաքակիրթ աշխարհին ցույց տա, որ բաց է քաղաքակիրթ Արևմուտքի հետ արդյունավետ համագործակցության համար և պատրաստ է դառնալ Արևմուտքի վստահելի գործընկերը Հարավային Կովկասում։ Եվ Ռուսաստանը պետք է լավ իմանա, որ հայկական տարածքներում իր միանձնյա կառավարման շրջանն ավարտվել է, և դրա մեղավորը միայն Ռուսաստանն է։ Ինչ վերաբերում է ռիսկերի հետ կապված ձեր հարցին, ապա նշեմ, որ մենք Ռուսաստանի պատճառով ամեն ինչ կրորցել ենք, և եթե Ռուսաստանը փորձի ինչ-որ կերպ ագրեսիվ գործողություններ հրահրել Հայաստանի և Արցախի դեմ, ապա այս անգամ կստանա միանգամայն համարժեք պատասխան իր սադրանքին։ Եվ դա Հայաստանի ղեկավարությունը պետք է դիվանագիտորեն, բայց միևնույն ժամանակ կոշտ ձևով ասի Ռուսաստանի ղեկավարությանը։