Ադրբեջանի նախագահ Ալիևը Մոսկվայում առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ Վեհաժողովին: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: ԵԱՏՄ վեհաժողովին առաջին անգամ ներկա կլինեն նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահներ Միրզոևը և Ռահմոնը, բայց տեսակապով: Ինչպես հայտնի է, Մոսկվայում սպասվում է նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ Վեհաժողով, որից առաջ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:
Գործնականում, ԵԱՏՄ Վեհաժողովին Ալիևի մասնակցությունը՝ որպես հյուր, ուղիղ կապակցվածության մեջ է լինելու եռակողմ Վեհաժողովի և դրա քննարկումների հետ: Այդ առնչությամբ հարց է առաջանում իհարկե, թե ինչի՞ դիմաց է Հայաստանը տվել Ալիևի մասնակցության համաձայնություն, քանի որ հյուրերի մասնակցությունը թերևս կարող է լինել միայն անդամների փոխհամաձայնությամբ: Եթե Հայաստանը տվել է համաձայնություն՝ թե եռակողմ Վեհաժողովին մասնակցության, թե նաև ԵԱՏՄ վեհաժողովին Ալիևի մասնակցության, ապա տրամաբանությունը հուշում է, որ դրա դիմաց Հայաստանը պետք է ստանա ինչ որ բան: Որովհետև, Ալիևի մասնակցությունը ԵԱՏՄ վեհաժողովին ամենից քիչը պետք է Հայաստանին՝ եթե ընդհանրապես պետք է, և ամենից շատ պետք է թերևս Ռուսաստանին: Հայաստանը տալով իր համաձայնությունը, անում է մի քայլ, որը պետք է Ռուսաստանին, հետևաբար ակնկալվում է, որ դրա դիմաց ստանալու է իր համար անհրաժեշտ որևէ քայլ:
Ո՞րն է այդ քայլը և դա անելու է Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը, ու ինչպե՞ս կդրսևորվի այդ քայլը՝ հայ-ադրբեջանական քննարկումների գործընթացում որևէ բաղադրիչի կամ համաձայնությա՞ն, թե հայ-ռուսական երկկողմ հարաբերության տիրույթում, հնարավոր է նաև այլ կարևոր ուղղություններում, թեև այսօր իհարկե թվում է, որ չի կարող Հայաստանի համար լինել ավելի կարևոր ուղղություն, քան հայ-ադրբեջանական հակամարտությունն ու արցախյան խնդիրը: Իհարկե Ալիևի մասնակցությունը՝ որպես հյուր, թերևս պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում տեղի ունեցող իրողությունների շրջանակում, որոնք ծավալում են ոչ միայն այժմ, ոչ միայն 2020 թվականի պատերազմից հետո, այլ նաև դրանից առաջ: Հենց այդ գործընթացների տրամաբանությունն էր, որ 2019-ի հոկտեմբերին ԵԱՏՄ երևանյան Վեհաժողովին մասնակցեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նաև Սինգապուրի վարչապետը: Ընդ որում, այդ հանգամանքը դուր չէր եկել Ադրբեջանին, հաշվի առնելով և այն, որ դրանից մեկ ամիս առաջ փաստացի չեղարկվել էր Սոչիում նախատեսված Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ Վեհաժողովը: Ներկայումս հայտնի է, թե ինչպիսի սերտ ու խորը գործակցության են գնում Ռուսաստանն ու Իրանը: Այդ գործակցության առավել նշանակալի հանգամանքը ոչ այնքան ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական գործակցությունն է, որքան ֆինանսական համակարգերի կապակցվածության խորացումը:
Օրերս Իրանում էր ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը: Օրեր առաջ էլ Պուտինն ու Իրանի նախագահ Ռեյիսին ստորագրեցին Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր, որը ենթադրելու է նաև Ադրբեջանի ներգրավում, սակայն ստորագրությունը տեղի ունեցավ առանց Բաքվի՝ այն էլ ադրբեջանա-իրանյան հարաբերության նկատելի լարվածության պայմաններում: Ըստ ամենայնի, ԵՏՄ վեհաժողովի շրջանակում Ալիևի ներկայությամբ Մոսկվան փորձելու է զբաղվել Իրանի հետ կնքված համաձայնագրին Ադրբեջանի ներգրավման խնդիրներով: Սա էլ իր հերթին Ալիևին է թերևս տալու գին ուզելու հնարավորություն: Մյուս կողմից, Ադրբեջանի համար «խնդրահարույց» է երկու հանգամանք: Չնայած Թուրքիայի նախագահի ընտրությանը Էրդողանի հաղթանակի մեծ հավանականությանը, այդուհանդերձ այդ հաղթանակը նրա համար կարող է լինել բավականին ծանր և թանկ, հետևաբար գործնական առումով զգալիորեն զսպել նրա խաղունակությունը
Մյուս կողմից, Չինաստանի բավականին աշխույժ խաղն է մերձավորարևելյան-կենտրոնասիական ուղղությամբ, որի շրջանակում Պեկինը մերձեցնում է Իրանն ու արաբական երկրներին, հայտարարում Կենտրոնական Ասիայի երկրներին միլիարդավոր դոլարների անհատույց օգնության, ներդրումային ծրագրերի, նաև Մոսկվային «ուժեղ աջակցություն» ցուցաբերելու մասին: Ըստ ամենայնի այդ գործոններն են բերել նրան, որ Ալիևը համաձայնել է լինել ԵԱՏՄ Վեհաժողովի հյուր, թեև հրաժարվել էր հյուրընկալվել Պուտինի մայիսի 9-ին: Ըստ ամենայնի նաև այդ համատեքստում է դիտարկվում այն արևմտյան աշխուժությունը, որ այս օրերին նկատվում է Հայաստանի ուղղությամբ, որի միջոցով թերևս փորձ է արվում որոշակի ազդակներ հղել Ադրբեջանին՝ եվրասիական ուղղությամբ Ալիևին որոշակիորեն կաշկանդող ազդակներ մղելու համար: