Երեկ Ինտերպոլ կազմակերպությունը միջազգային հետախուզում է հայտարարել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի նկատմամբ: Այսինքն՝ աշխարհի բոլոր իրավապահներն այլևս փնտրելու են սկանդալային հեղինակությանը: Ավելի վաղ միջազգային հետախուզման մասին հայտարարել էին Շվեդիայի իրավապահները, որտեղ Ասանջը մեղադրվում է մի կնոջ բռնաբարության, ոտնձգության և նրա նկատմամբ ուժի կիրառման մեջ: Բոլոր մեղադրանքները Ասանջը հերքել է, իսկ հետապնդումն էլ անվանել հակազդեցություն իր կայքում տեղադրված փաստաթղթերին: Հետաքննություն է սկսվել նաև Ասանջի ծննդավայրում` Ավստրալիայում, ուր իրավապահները դիտարկում են կայքում նյութերի տեղադրման օրինականության հարցը:
Հիշեցնենք նաև, որ մի քանի ամիս Ջուլիան Ասանջի WikiLeaks կայքում տեղադրվում են Իրաքի, Աֆղանստանի ամերիկյան քաղաքականության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 28-ին «լույս է տեսել» ամերիկյան դիվանագիտության ավելի քան 250,000 գաղտնի փաստաթուղթ, որոնք մեծ իրարարնցում են առաջացրել «դիվանագիտական աշխարհում»: