Մայիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի արժանացավ ռուսաստանաբնակ բարերար տիար Աշոտ Առուստամյանը:
Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ:
Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` մեր ժողովրդին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր արդյունավոր ծառայությունների համար, որոնց մասին տեղյակ ենք Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի միջոցով:
Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք հետևողականորեն սատարում եք Տիրախնամ թեմի գործունեությանը, որպեսզի առավել կազմակերպված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը, զորավոր` նրանց ազգանվեր և եկեղեցասեր ոգին: Այս հանձնառությամբ Դուք կարևոր մասնակցություն եք բերել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս և Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների կառուցման գործին` հոգևոր մեծ խանդավառություն պարգևելով Քրիստոսասեր մեր ժողովրդի զավակներին:
Ուրախ ենք, որ նաև բարեսիրական տարբեր ծրագրեր եք իրականացրել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես և Մայր Հայրենիքում, գովարժան նախաձեռնություններով նպաստել Արցախի առջև ծառացած անվտանգային և տնտեսական խնդիրների լուծմանը: Արդարև, տարիների Ձեր նվիրյալ գործունեությունը Տիրոջ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով՝ արժանացնելով Ձեզ բազմաթիվ հայորդյաց երախտագետ մաղթանքներին:
Բարձր գնահատելով Ձեր գովարժան ծառայությունները ազգային և եկեղեցական մեր կյանքում և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Իր հայրական օրհնության ներքո պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջ արևշատություն, գործոց մշտանորոգ հաջողություններ և ամենայն բարիք:
Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն»:
Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:
Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Աշոտ Առուստամյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր օգտաշատ ծառայությունը հայ ժողովրդին և Եկեղեցուն:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ նմանօրինակ եկեղեցասեր ու հայրենանվեր անձանց հավատքի ոգին ու նվիրումը դառնում են ակունք բազում նշանակալի ձեռնարկների և աստվածահաճո իրագործումների։ Հայոց Հայրապետը տիար Առուստամյանին մաղթեց Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ շարունակելու իր եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեությունն ի պայծառություն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Հայաստան և Արցախ աշխարհի: