Վաղը Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափի հանդիպում, որը առաջինն է բազմամյա դադարից հետո: Հանդիպման հանդեպ ուշադրությունը մեծ է բնականաբար մի շարք պատճառներով: Միաժամանակ, վաղը տեղի կունենա իրադարձություն, որը իր նշանակությամբ և ազդեցությամբ ոչ միայն նվազ չէ բրյուսելյան հանդիպումից, այլ ունի թերևս ռեգիոնալ առավել մեծ ու խորքային նշանակություն, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցերի նկատմամբ: Խոսքը Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրության մասին է, որի առաջին փուլը կայանալու է վաղը մայիսի 14-ին:
Առանձնակի ուշադրության է արժանանում նախագահի ընտրությունը, որտեղ Էրդողանը պայքարում է իր պաշտոնը և իշխանությունը պահելու համար: Նրա գլխավոր մրցակիցը ընդդիմության միասնական թեկնածու, քեմալիստ Քըլըչդարօղլուն է: Սոցհարցումները մինչ այժմ ավելի հուսադրող են եղել հենց նրա համար, թեև գործնականում բոլոր հարցումները ցույց են տվել, որ նախագահի ընտրությունը չի ավարտվի մեկ փուլով: Այլ տրամադրություններ են արտահայտվում Էրդողանի ճամբարից: Այնտեղ խոսում են առաջին իսկ փուլով նրա հաղթանակի մասին: Սա իհարկե լարվածության վկայություն է, և Էրդողանն ու նրա թիմը թերևս մտադիր են կռիվ տալ այսպես ասած մեկ փուլի համար, քանի որ առաջինով հարցը չլուծելու դեպքում նրանց համար խնդիրն էլ ավելի է բարդանալու երկրորդի պարագայում: Բայց, ըստ դիտորդների, ըստ գնահատականների, Էրդողանին անհնարին է լինելու մեկ փուլով հաղթել առանց զանգվածային կեղծիքի: Իսկ դա նշանակում է, որ անգամ արդյունք ապահովելու պարագայում Թուրքիան կարող է հայտնվել հետընտրական ցնցման մեջ: Ավելին, աշխարհում նույնիսկ պատրաստվում են դրան: Օրինակ, Ֆուտբոլի համաեվրոպական ասոցիացիան՝ ՈՒԵՖԱ-ն, պատրաստում է ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Ստամբուլից տեղափոխելու սցենար: Ըստ սցենարի, այն կարող է տեղափոխվել Լիսաբոն: Իսկ եզրափակիչը Ստամբուլում նախատեսված է հունիսի 10-ին:
Հայաստանի համար Թուրքիայի նախագահի ընտրության գործընթացը բնականաբար առանցքային ուշադրության առարկա է: Ի՞նչ կլինի Էրդողանի հաղթանակի դեպքում, ինչ կլինի, եթե հաղթի նրա մրցակից Քըլըչդարoղլուն: Այդ հարցերը չունեն մեկ կամ երկու պատասխան, որովհետև երկու պարագայում էլ հնարավոր զարգացումները՝ միևնույն թեկնածուի հաղթանակի դեպքում իսկ կարող են ենթադրել ընդհուպ իրարամերժ սցենարներ:
Եվ այստեղ է Հայաստանի ու ռեգիոնի համար գլխավոր խնդիրը՝ Թուրքիան կարող է հայտնվել շոշափելի անկանխատեսելիության ռեժիմում: Դա առանցքային մարտահրավերն է, որ գոնե այս պահին առկա է Թուրքիայի նախագահի ընտրության շուրջ: Մարտահրավեր, որը գուցե ոչ ուղղակի, սակայն իր ազդեցությունն է թողնելու կամ ներգործությունն է ունենալու նաև հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ ծավալվող այն գործընթացների վրա, որոնք մասնավորապես նախատեսված են Բրյուսել, Մոսկվա, Քիշնև «երթուղով»: Հայաստանը բնականաբար չի կարող ազդել Թուրքիայի իրավիճակի վրա, հետևաբար՝ այն կանխատեսելի պահելու վրա: Այդ հարցում Հայաստանին մնում է բավականին ինտենսիվացնել աշխատանքը այն դերակատարների հետ, որոնք ի վիճակի են կառավարել Թուրքիայի անկանխատեսելիությունից բխող ռեգիոնալ և միջազգային ռիսկերը: Մեծ հաշվով, Հայաստանի առաջ այդ խնդիրն է գլխավորը՝ Վաշինգտոնից-Քիշնև բանակցային երթուղում և դրա մյուս երկու հանգրվաններում: