Տևական ժամանակ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը օրերս ևս պնդեց, որ «հինգերորդ շարասյուն» կար և հիմա էլ կա, և դրա վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում: Գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռ չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հստակ կիմանա՝ ովքեր են «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները, թե ում և ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքներն ինչպես սկսվեցին ու ավարտվեցին»,-նշեց նա:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով իշխանության՝ հինգերորդ շարասյան մասին պնդումներին, նշել է, որ խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա․
«Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։ Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թևերը, միանշանակ է»,-ասել է Օհանյանը:
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Հայկ Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե Պաշտպանության նախկին նախարարը, որը գրկել է Հայաստանի վատթարագույն անցյալը և գործում է դրա շրջանակներում, ձևականորեն ճիշտ է.
«Իշխանությունն ասել է, թող բացահայտի, ես էլ եմ ասել, որ կա հինգերորդ շարասյուն, իշխանությունից դեռ շատ առաջ եմ ասել, և ինչու հիմա իշխանությունը դա չի բացահայտում, որովհետև եթե ուղիղ բացահայտի, ռուսական ամբողջ ցանցը բացահայտվելու է, որովհետև Հայաստանում ունի և ունեցել է միայն Ռուսաստանը։ Հինգերորդ շարասյունը լրտեսը չէ, հինգերորդ շարասյունն օտար պետության շահերը սպասարկվող կազմակերպված հատված է որևէ պետության ներսում, որը զբաղված է տվյալ պետության ինքնիշխանության հիմքերը քայքայելու գործով։ Հիմա մենք հինգերորդ շարասյուն ունեցել ենք բանակում, որը տարել է պարտության պատերազմ, ոչ թե հաղթանակի։ Կառավարման համակարգում կա հինգերորդ շարասյուն, բուհերում կա և այլն։ Եվ եթե հիմա իշխանությունը դա բացահայտեց, պարզ է, որ Ռուսաստանի ամբողջ հմայքը, ինչպես նաև թշվառությունը երևալու է»,-ասաց Սուքիասյանը։ Ըստ նրա՝ հինգերորդ շարասյունով պետություն դառնալ հնարավոր չէ:
Իշխանությունը, նրա խոսքով, խուսափում ուղիղ բացահայտել, քանի որ դա բացահայտելու է Ռուսաստանի այլանդակությունը.
«Եվ այստեղ կարո՞ղ է իշխանությունը Ռուսաստանի ծանրությանը դիմանալ թե ոչ։ Կարծում եմ՝ դրանից է խուսափում իշխանությունը:
Իշխանության փոխարեն ես ասեմ՝ ովքեր են 5-րդ շարասյունը Հայաստանում. 5-րդ շարասյունը, ռևանշիզմը և խորքային պետությունը, դա մարդկանց խումբ է, խունտա է՝ քաղաքական գործիչներով համալրված, որոնք ունեն իրենց գեներալները, իրենց լրագրողները, իրենց դերասանները, ունեն իրենց երգիչները, կաթողիկոսները, հոգևորականները: Սա խորքային պետություն է Հայաստանի մարմնի ներսում, որը 5-րդ շարասյուն է և սպասարկում է օտար պետության շահերը: Դրանք այն մարդիկ են, որոնք մեշամասնությամբ խցկված են Հայաստանի խորհրդարանի մարմնում և որոնց վրա հայ լրագրողների ձեռամբ գրված է՝ ընդդիմություն: իսկ իշխանությունը սա չի կարողանում ասել, որովհետև միգուցե մտածում է, որ Ռուսաստանի ճնշմանը կարող է չդիմանալ: Իսկ ժողովորդին ուզում եմ ասել՝ պարտադի՞ր է ամեն ինչ ուղիղ ասել, մի քիչ էլ հասկացեք»:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն դիտարկմանը, որ եթե նույնիսկ կա 5-րդ շարասյուն, կան դավաճաններ, գործակալներ, դրա մասին ոչ թե պետք է բարձրաձայնել, այլ նրանց հետ աշխատել և դա ուղղել հակառակ կողմի վրա, Սուքիասյանը նշեց, որ եթե մենք Անգլիան լինեինք, միգուցե դա հնարավոր լիներ, բայց Հայաստանում 5-րդ շարասյան ներկայացուցիչը մորից ծնված պետության դեմ է, նրան փոխել հնարավոր չէ. «Կա միջազգային իրավունքի մասնագետ, ակադեմիկոս Յուրի Բարսեղովը, որն ասում է՝ վրացին, երբ բոլշևիկ է, նա նախ վրացի է, հետո նոր բոլշևիկ, ադրբեջանցին երբ բոլշևիկ է, նա և ադրբեջանցի է, և բոլշևիկ, իսկ հայը նախ բոլշևիկ է, հետո հայ կլինի, թե չի լինի, կասկածելի է: Այսինքն՝ մեր 5-րդ շարասյուն աշխարհում ամենաայլանդակն է, նրան փոխել հնարավոր չէ: Նրանք մի տեղ ունեն, նրանց տեղը Հայաստանի ինքնիշխանության ոտքերի տակ է: Օրինակ՝ Սեյրան Օհանյանի հետ ով կարող է աշխատել, գիշեր-ցերեկ պետություն է քանդում: Սա իրենց սարքած բանակն է, ինքը թող մեր ժողովրդին բացատրի՝ հնարավո՞ր էր 30 տարվա սարքած բանակը հանկարծ մի հոգի մի տարվա մեջ փչացներ: Եթե իշխանությունը սխալ է կառավարել, եթե քաղաքական իշխանությունը պետություն էր հանձնում, այդ բոլոր գեներալները թող չենթարկվեին: Դա նշանակում է, որ ինքը բանակ չի թողել, թողել է ավերակ, և թող Հայաստանի արնածոր վերքի վրա հերոս չխաղան»:
Սուքիասյանի կարծիքով՝ եթե իշխանությունը թեկուզ այս ծանրագույն իրավիճակում հայտարարում է, որ 5-րդ շարասյուն է գործել, դա արդեն բավարար է, դա ռիսկային է:
«Նայեք մեր աշխարհագրական հարևաններին, մեր մանևրի հնարավորությունը սահմանափակ է, Հայաստանն այս պահին լուրջ դաշնակից չունի, տարածաշրջանը թեև մի քիչ թուլացած, բայց դեռևս գտնվում է ռուս-թուրքական վերահսկողության տակ, Հայաստանի ներսում կա 5-րդ շարասյուն, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան գլխին նստած: Դրա համար էլ պետությունը եղած վիճակի մեջ ֆլիրտ է անում, ուրիշ ոչ մի բան չկա: Հիմա իշխանությունը հայտարարել է, որ կա 5-րդ շարասյուն, ու դա արդեն բավարար է: Երբ իշխանությունն ամբողջությամբ կբացահայտի 5-րդ շարասյունը, երբ Ռուսաստանը մի քիչ էլ կթուլանա: Ուրիշ բան էլ կա, երբ Ռուսաստանն ուղիղ ագերսիայի անցավ Հայաստանի դեմ, այդ ժամանակ ևս իշխանությունը կարող է դա բացահայտել: Ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ դեռ ռուսի բարեկամ լինելու պատկեր կա: իսկ երբ պետությունը բացահայտի, բոլորի համար պարզ կդառնա, որ Ռուսաստանը մեր դեմ գործող պետություն է: Այդ ժամանակ մեր ժողովրդի մեջ կլինի իսկական հավաքական մոբիլիզացիա Ռուսաստանի դեմ՝ իր կենսական շահերը պաշտպանելու համար»,-հավելեց նա: