Սիրիայի խաղաղ կարգավորման հարցով Մոսկվայում տեղի է ունենում Սիրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։
Անցած տարի գործընթացը սկսվել էր եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի մասնակցությամբ, այնուհետև ներգրավվեց նաև Իրանը։
Հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այն պետք է օգնի կայունություն հաստատել Սիրիայում և երաշխավորի նրա տարածքային ամբողջականությունը։ Նա նաև ասել է, որ պլանավորում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ հանդիպման հիմնական հարցը թուրք-սիրիական փոխհարաբերություններն են, սակայն աշխարհաքաղաքական զարգացումների, նաև Թուրքիայում սպասվող ընտրությունների ֆոնին, այն լրացուցիչ նշանակություն է ստանում.«Էրդողանն ի սկզբանե հարց էր դրել, որ Սիրիայում իշխանափոխություն լինի, բայց դա իրեն չհաջողվեց, քանի որ Սիրիան այդ հարցում համագործակցեց Ռուսաստանի հետ։ Սակայն Ռուսաստանն, ի տարբերություն Իրանի, ավելի թույլ էր պաշտպանում Բաշար ալ Ասադի ռեժիմը։ Իրանը սկզբունքային դիրքորոշում ուներ, որ Ասադը պետք է մնա և վերջ, այդ դիրքորոշումը պահպանվում է նաև այսօր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բեգիջանյանի խոսքերով՝ քանի որ Թուրքիան է ցանկանում հարաբերությունները կարգավորել Սիրիայի հետ, Ասադը նախապայման է առաջ քաշել, որ թուրքական զորքերը պետք է դուրս գան Սիրիայից.«Միայն այդ դեպքում է Դամասկոսը հնարավոր համարում հարաբերությունների կարգավորումը։ Այս հարցի շուրջ կան տարաձայնություններ և դա է պատճառը, որ նախորդ հանդիպման ժամանակ լուրջ ձեռքբերումներ չարձանագրվեցին»։
Թեպետ այս ֆորմատը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց իրանագետի խոսքերով, կարող է ձեռնտու լինել այն առումով, եթե Իրանը քննարկման մասնակից մյուս երկրներին՝ այդ թվում Թուրքիային հստակ ասի, որ իր տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը կարմիր գիծ է.«Ռուսաստանն ավելի շուտ հակված կլինի Իրանի տարածքային ամբողջականության հարցում աջակցել։ Թուրքիայում ընտրությունների ելքը հավանաբար կլինի Քըլըչդարօղլուի օգտին, սակայն ես չեմ կարծում, որ Էրդողանը հեշտ զիջի իշխանությունը։ Եթե ընտրվի եվրոպամետ Քըլըչդարօղլուն, սա այլ զարգացումներ կենթադրի։ Անգամ Ուկրաինայի պարագայում Իրանը շեշտում է տարածքային ամբողջականության հարցը, դրա համար կան որոշակի տարաձայնություններ Իրանի ու Ռուսաստանի միջև։ Ինչքան էլ հարաբերությունները փորձում են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի, այս հարցում տարաձայնությունները պահպանվում են»,-նկատեց նա։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նախքան Թուրքիայի երկրաշարժը Իրանի նախագահը պետք է Էրդողանի հրավերով Թուրքիա գնար.«Այդ ժամանակ հավանաբար կքննարկվեր Թուրքիա-Իրան ջրի խնդիրը, բնականաբար նաև այսպես կոչված միջանցքի հարցը։ Քըլըչդարօղլուն հայտարարել է «թուրքական աշխարհի միասնության միջանցքի» մասին։ Գուցե սա հետագայում կյանքի չկոչվի, բայց շատ էական հանգամանք է։ Սրանով Ալիևը լրիվ մի կողմ է դրվում, ինչը բնականաբար հարուցել է ադրբեջանական կողմի դժգոհությունը։ Թուրքական ընդդիմության առաջնորդը փաստորեն մեսիջ է հղել Իրանին, որ ցանկանում է լավացնել հարաբերությունները։ Այս նախագծով թուրքական աշխարհի միացումը տեղի է ունենում Թուրքիայի սահմանից դեպի Թավրիզ, Թեհրան, ապա Աշխաբադ, Տաշկենդ, Ալմաթի, Չինաստան։ Սա տրանսպորտային խոշոր միջանցք է, երկաթուղի, որը Ադրբեջանին դուրս է մղում գործընթացներից։ Միաժամանակ Չինաստանի ույղուրների իրավունքներնը պաշտպանելու առումով սա Չինաստանի համար կարևոր նախագիծ է, բայց միաժամանակ նախապայման է, որ Չինաստանը դադարեցնի ույղուրների դեմ ճնշումները։ Ադրբեջանը սա խայտառակություն է համարում, իր համար դավաճանություն, դրա համար էլ ամեն կերպ փորձում է միջամտել Թուրքիայի ընտրություններին»,-եզրափակեց նա։