
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջադիմել է ևս 3 աստիճանով հանգրվանելով 42-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ մեր հավաքականն այս տարվա մարտին 2024 թվականի աշխարհի առաջնության ընտրական 3-րդ փուլի վերջին խաղում Երևանում 3։2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինային 100 տոկոսանոց արդյունքով խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել խաղալու աշխարհի առաջնության էլիտ-ռաունդում։ Դասակարգման աղյուսակի վերջին թարմացումից հետո Հայաստանի վարկանիշային միավորներն ավելացել է միանգամից 42-ով։ Նման ցուցանիշ չի գրանցել վարկանիշային աղյուսակի ոչ մի հավաքական։ ՈւԵՖԱ-ի գոտում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 5 կետով և պահին 18-րդն է։ Ֆանտաստիկ վերելքի արդյունքում մեր ազգային թիմը շրջանցել է նաև Ադրբեջանի բավական ուժեղ հավաքականին, որն այս պահին 21-րդն է։ Ֆուտզալի Հայաստանի գլխավոր թիմի բավական բարձր դիրքը աշխարհում և Եվրոպայում պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված տպավորիչ արդյունքներով։ Ներկայում մեր հավաքականը շարունակում է պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից առաջ, անցյալ տարվա հոկտեմբերին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Պրահայում խոշոր 4։1 հաշվով հաղթել էր Չեխիային։
Հայաստանի ազգային թիմը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային 3 խաղերում տանելով նույնքան հաղթանակ ժամանակից շուտ ապահովել էր առաջին տեղը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 4։3 հաշվով հաղթել էր Բոսնիա-Հերցեգովինային, իսկ երկրորդ տուրում՝ Երևանում 4։2 հաշվով պարտության մատնել նույն Չեխիային։։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը վերջին 7 խաղում նույնքան հաղթանակ է տարել ինչը ևս աննախադեպ արդյունք է։ 2022 թվականի ապրիլին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում ևս մերոնք զբաղեցրել էին առաջին հորիզոնականը։ Բուղարիայում կայացած մրցաշարի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության էին հասել Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Վերջին հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։ Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցել էր պատմական հաջողություն։ Մասնավորապես, ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսանոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել լավագույն արդյունքը։ Ինչևէ առջևում աշխարհի առաջնության էլիտ-ռաունդն է, որտեղ մեր թիմին ծանր պայքար է սպասում։
Այս փուլում եվրոպական 20 հավաքականները բաժանվելու են 5 ենթախմբերի, որոնցում կլինեն 4-ական հավաքականներ։ Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 5 հավաքականներն անմիջապես կտիրանան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները փլեյ-օֆֆում կվիճարկեն ևս երկու ուղեգրերը։