
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճեց 12 մեդալ ինչը ֆանտաստիկ արդյունք կարելի է համարել։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը ։ Առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, իսկ երկրորդը` Ռումինիան: Հայաստանից ոսկե մեդալ նվաճեց 86 քաշային Դավիթ Սիմոնյանը, իսկ 57 քաշային Գոռ Ազիզյանը և 80 քաշային Աղվան Ալեքսանյանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոն։ Ավելի վաղ կիսաեզրափակչում պարտվել և բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը: Ի դեպ, Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ։ «Շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ լավ մենամարտեցի ու բոլոր ռաունդներում հաղթանակը կարողացա գրանցել իմ օգտին: Ամենադժվարը երրորդ ռաունդում էր, երբ գիտես արդեն չեմպիոնությունը քո կողմն ու պետք է կարողանաս դա պահել։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, զոհված զինվորներին՝ իմ եղբայրներին: Փառք ու պատիվ իրենց հիշատակին: Ապացուցեցի ու դեռ շատ անգամ եմ ապացուցելու, որ հայ ազգը կա, լինելու է ու պետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն այս առաջնությանը ներկայացել է 13 մարզիկով։ Փաստորեն մեր հավաքականից մեդալ չի նվաճել միայն մեկ մարզիկ։ Գրանցված արդյունքն իսկապես փայլուն է։ «Իրականում երկու չեմպիոն պետք է ունենայինք: 57 կգ քաշային կարգում Գոռ Ազիզյանը եզրափակիչում հաղթեց և բոլորն այդ կարծիքին էին: Չգիտեմ մրցավարական հանձնաժողովն ինչպես էր մտածում, այդ ինչ պատմություն էր, բայց Գոռ Ազիզյանը հաղթողն էր: Նույնը եղավ նաեւ կիսաեզրափակիչում՝ Արթուր Մկրտչյանի եւ Արման Միսկարյանի մենամարտերն այնպես չգնաց, ինչպես պետք էր: Սխալ մրցավարությամբ գնաց: Ես չեմպիոնի քանակից դժգոհ եմ: Ես ավելին եմ արել նախկինում այլ երկրում: Ամեն դեպքում ունենք 12 մեդալ: Սա ֆանտաստիկ թիվ է: Ես շատ ուրախ եմ դրա համար, որ իմ փոքր լուման ներդրել եմ այս տղաների արդյունքների վրա: Ունենք 1 ոսկի, 2 արծաթ եւ 9 բրոնզե մեդալներ: Մի «մեշոկ» մեդալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Այո, վերջինիս հետ կարելի է համաձայնվել, մրցավարությունը այն չէր և Հայաստանը կարող էր ունենալ գոնե երկու ոսկե մեդալ, բայց․․․։ Փաստենք թերևս, որ մենք ունենք իսկապես հզոր հավաքական, որտեղ ընդգրկված յունաքանչյուր բռնցքամարտի կարող է պայքարել մեդալների համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանը բռնցքամարտի նման ուժեղ երիտասարդական հավաքական երբևէ չի ունեցել։ Ինչևէ, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար EUBC-ն հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Ամփոփելով Երևանում կայացած առաջնությունը՝ Կարեն Գիլոյանը նշեց․ որ այն կարող է ստանալ գերազանց գնահատական:«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հովսեփյանի, ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի ամեն ինչ անցնի ամենաբարձր մակարդակում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա պարզապես խոսքեր չկան:
Ճիշտ է՝ մեկ հաղթող ունեցանք, մեկ անգամ հնչեց ՀՀ օրհներգը, բայց փոխարենը 13 անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը, իսկ դա ֆանտաստիկ արդյունք է: Այս հավաքականը շատ մոտ ապագայում աշխարհին կապացուցի, որ հայերն ունեն լավ, տեխնիկապես հարուստ և ինտելեկտուալ բռնցքամարտ»,- լրագրողների հետ զրոյցում ասաց Կարեն Գիլոյանը։