«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեռական բռնության իրազեկման ամսվա շրջանակներում, նախաձեռնել է «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդես հանրապետության տարբեր մարզերում:
Ցուցահանդեսը ներառում է սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք ներկայացնում են հոգեկան վնասվածքի հաղթահարման բարդ ճանապարհը, և թե ինչպես են այդ մարդիկ հաղթահարել բռնությունը կամ ինչպիսի հետք է թողել բռնությունն իրենց հետագա կյանքի վրա։
««Սեռական բռնության թանգարանն» իրականացվում է դեռևս 2019թ.-ից, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հարցով մարդիկ սկսեցին կիսվել իրենց հետ կատարված սեռական բռնության ու ոտնձգության դեպքերով և համաձայնեցին, որ դրանք ներկայացվեն հանրությանը, չնայած որ Սեռական բռնության ենթարկված անձի համար իր տրավմայի հաղթահարման բարդ ճանապարհին սեփական պատմությունը պատմելն ու պատրաստ լինելն այն հանրայնացնել՝ անգամ անանուն, մեծ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում»,- տեղեկացրեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տաթեւիկ Աղաբեկյանը։ Նա հավելեց, որ «Սեռական բռնության թանգարանը» պատմությունների ցուցահանդես է, որի նպատակը, նախ, սեռական բռնության և ոտնձգության դեպքերով կիսվելն է, ինչպես նաև հիմնախնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը, լուծման կարևորությունը շեշտադրելը։