Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը, մեկ հարթակում էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն ունեցան շնորհավորելու միմյանց տոնի առթիվ, վերհիշելու այն երևելիներին, որոնց ջանքերի շնորհիվ հայկական պարն ապրել ու հասել է մեր օրեր և վայելելու գործընկերների լավագույն կատարումները, որոնք տարան անցյալ, բերեցին ներկա ու ապագա:
Պարի միջազգային օրը շքեղ ու հագեցած համերգային ծրագրով նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը (հիմնադիր, գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նորայր Մեհրաբյան), Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (ստեղծագործական խմբի ղեկավար Գրիգոր Ոսկանյան, գլխավոր բալետմայստեր Գարիկ Խաչիկյան), Պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան, երաժշտական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան):
Արվեստասերներին իրենց գեղեցիկ ելույթներով անակնկալ մատուցեցին Երևանի պարարվեստի պետական քոլեջը (տնօրեն Դավիթ Գալստյան) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան)։
Ելույթները ոգևորում էին հանդիսատեսին՝ առիթ տալով բուռն ծափահարել ու հաճախ կրկնել «բրավո» վանկարկումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, դիմելով պարարվեստի գործիչներին ու հյուրերին, շնորհավորեց բոլորին Պարի միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ այն հրաշալի առիթ է ևս մեկ անգամ մեծարելու «պար» երևույթը, որը միավորում է մարդկանց՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից:
«Պարը նաև ժողովրդական ու ազգային ինքնության մի մասն է, որ ուղեկցել է մեզ պատմության ամբողջ ընթացքում և թե՛ վատ, թե՛ լավ օրերն ունեցել են իրենց պարը: Այն մեր զգացմունքների, հույզերի արտահայտման եղանակն է, որը դպրոցներում դառնում է գեղագիտական կրթության անբաժանելի մաս»,-շ եշտեց նա:
Անդրեասյանն ընդգծեց՝ շատ ուրախ է, որ մշակութային քաղաքականության շրջանակներում հետևողականորեն աջակցում են ամենատարբեր համույթներին, ժողովրդական, ազգագրական անսամբլներին, բալետային խմբերին, երիտասարդ ու անհատ կատարողներին, պարուսույցներին, ինչը դրսևորովում է նաև միջազգային հարթակներում պարի հանրահռչակմամբ:
Անդրեասյանի խոսքով՝ տոնի առթիվ անպայման պետք է հիշել այն երախտավորներին, որոնք մեծ ներդրում են ունեցել պարարվեստի զարգացման գործում, ձևավորել ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչ օրս: Նախարարը կարևորեց նաև նոր անունները, որոնք քիչ չեն, ու վստահություն հայտնեց, որ դեռ շատ անուններ ենք լսելու, որոնք շարունակելու են բարձր պահել պարարվեստի ոլորտի ավանդույթներն ու որակը:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, ընթերցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը:
«Այսօր նշանակալի օր է պարարվեստի նվիրյալների, նաև պարի բոլոր սիրահարների համար: Ուրախությամբ միանալով հնչող շնորհավորանքներին՝ ցանկանում եմ առանձնահատուկ ողջունել և երախտագիտական խոսքեր հղել Երևան քաղաքում գործող բազմաթիվ պարախմբերին, մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպության պահպանման և շարունակական զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցող մեր պարարվեստի ներկայացուցիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին»,- ասվում էր ուղերձում:
Ըստ Ավինյանի՝ պարը գեղեցկության և ներդաշնակության մարմնացում է, որով փոխանցվել են մարդկային ներաշխարհի բոլոր նրբերանգները:
«Պարը միավորում է մարդկանց, ուժ է տալիս բռունցքվելու, այն ստիպում է ապրել և արարել՝ հազարամյակներ ի վեր ուղեկցելով մարդ արարածին ամենանվիրական ու սխրագործ ձեռնարկներում: Պարն ազգային ինքնության խտացումն է, հավաքական դիմագիծը, իսկ հայկական պարը մեր մշակութային ժառանգության ամենաերևելի դրսևորումներից է, որ բազմաթիվ շավիղներով կապված է ազգային ավանդույթների, մեր նիստուկացի ու մտածողության հետ»,- ընդգծվում էր ուղերձում:
Կրկին շնորհավորելով ներկաներին՝ Ավինյանը մաղթում էր ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր ու լեփ-լեցուն դահլիճներ:
2023 թվականին նշվում է Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։
Հոբելյարներին հարգանքի տուրք մատուցվեց նրանց մասին պատմող հետաքրքիր հոլովակներով, որոնց շնորհիվ ներկաները վերհիշեցին ու վերարժեվորեցին պարարվեստի նվաճումները, որ անհրաժեշտ է պահպանել:
Երեկոն կյանքի կոչեց նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը, մարդու, որին համարում են «ժամանակակից բալետի հայր»։ Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ-ողբերգության սկզբունքները։ 1759 թվականին հրապարակվել է նրա «Նամակներ պարի ու բալետի մասին» աշխատությունը, որում Նովերը ներկայացնում է բալետի մասին իր սկզբունքները։
Այս տոնի հիմնական գաղափարը պարային տարբեր ուղղությունների միավորումն է, որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրն առիթ է պարի նկատմամբ մարդկանց սերն ու հարգանքը արտահայտելու, քանի որ այն արվեստ է, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։