Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։ Այդ մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«VD Global ընկերությունը հնդկական Հուջարաթի նահանգի Սուրաթ քաղաքում հայտնաբերել է «ալմաստ`ալմաստի ներսում»` «ամենահազվագյուտը բոլոր գտածոներից», – մեջբերում է գործակալությունը հնդկական Wion հեռուստաալիքի հաղորդագրությունից:
Ինչպես նշում է Wion-ը, այն գտել են 2022 թ. հոկտեմբերին։ «Տրոփող սիրտ» անվանումը ստացած ալմաստի քաշը կազմում է 0,329 կարատ (0,0658 գրամ)։ Այս գտածոն համարվում է ամենահազվագյուտներից մեկը: Ըստ հեռուստաալիքի՝ նման մի գտածո էլ Ռուսաստանում մի քանի տարի առաջ հայտնաբերված «Մատրյոշկա» ալմաստն է:
2019 թ.-ին «Ալռոսա» ալմաստ արդյունահանող ընկերությունը Նյուրբայի հանքահարստացուցիչ կոմբինատում արտասովոր ալմաստ էր արդյունահանել, որի ներսում ազատորեն շարժվում է ևս մեկ ալմաստ: Իր առանձնահատկության շնորհիվ քարը հիշեցնում է ավանդական ռուսական մատրյոշկա։ Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։