Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում մասնակցում են Teknofest տեխնոլոգիական փառատոնին։ Փառատոնի անցկացման վայր նախագահներն ու նրանց կանայք ժամանել են թուրքական արտադրության առաջին էլեկտրական մեքենայով՝ Togg-ով, որը վարել է Ալիևը։
Վերջինս ելույթ է ունեցել փառատոնի բացման շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ «Նա հայտարարեց, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, և դա մեզ ավելի շատ ուժ ու ոգի տվեց»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Հաշվի առնելով այն, որ մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահի և խորհրդարանական ընտրություններ, հենց այս օրերին փառատոնի կազմակերպումը պատահական չէ։ Փորձելով ցույց տալ Թուրքիայի կողմից տեխնոլոգիական ու ռազմական ոլորտներում գրանցած հաջողությունները, մասնակիցները այն վերածել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծարման յուրօրինակ միջոցառման, ինչը, բնականաբար, նպատակ ունի ապահովել անհրաժեշտ ձայների ստացումը կայանալիք կարևոր ընտրություններում։