«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը
Պարոն Բարսեղյան, գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ասել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում: :Հույս կա՞, որ այս 30 դատական գործերից որևէ մեկն արագ կավարտվի, և հանրությունն ականատես կլինի վերադարձրած ապօրինի գույքի:
Ընդհանրապես հույսի մասին խոսելը վայել չէ մեզ, մենք չափահաս մարդիկ ենք, իսկ տրամաբանությունը հուշում է, որ ինչ-որ բան կբռնագանձվի, որը կարծում եմ՝ ավելի փոքր կլինի, քան իրականում ապօրինի գույքն է տարբեր անձանց մոտ: Իսկ թե ինչքան են ձգձգելու, չեմ կարող ասել, որովհետև դատարանները առայժմ հավատ չեն ներշնչում: Ճիշտ է՝ նորաստեղծ դատարան է, բայց դատախազությունում էլ այն մարդիկ, որոնք զբաղվում են այդ գործառույթներով, իրենք վեթինգ չեն անցել: Այսինքն՝ ես չունեմ երաշխիք, որ որակյալ քրեական հետապնդում են իրականացնում: Դատարանում կարող է պարզվել, որ ինչ-որ մի տեղ ստորակետը լավ չի դրած, ինչ-որ մի պարբերություն սխալ տեղում է դրած և այլն: Այդպիսի փոքր խորամանկություններ կան իրավագիտության կամ դատական արդյունաբերության մեջ, որտեղ ակամա կամ դիտավորյալ սխալները կարող են հանգեցնել շատ անարդյունավետ ելքեր, եթե անգամ դատավորը շատ արդար է: Այս իմաստով առայժմ ես չեմ կարող մտածել, որ արդյունավետ կերպով ապօրինի գույքի վերադարձի գործընթաց է լինելու:
Ուշացա՞վ այս գործընթացը:
Այո,, շատ ուշացավ: Իմ խորին համոզմամբ շատ ավելի շուտ և ավելի ինտենսիվ կարելի էր դա անել: Արդարացում չէ, թե Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ պետք է այսպես դանդաղ լիներ: 5 տարին բավականին լուրջ ժամանակ է, որ մենք ունենայինք 50-60 ավարտված գործ և վերադարձված գույք, ոչ թե դրանք ավարտվեին հաշտություններով:
Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի որևէ գործիք կյանքի կոչվե՞լ է:
Օրինակ, ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի լիազորություններն ավելի մեծ են, քան թե նախկինում անում էր էթիկայի մարմինը: Հայտարարագրերը կանխարգելիչ բաղադրիչներն են կոռուպցիայի դեմ պայքարի: Կոռուպցիայի դեմ պայքար ասելով, հասարակությունը շատ հաճախ ենթադրում է դատ-դատաստան և ազատազրկում, բայց դրանից առաջ շատ արժեքավոր է կանխարգելում ունենալը: Կանխարգելման մեխանիզմներից հայտարարագրերի մեխանիզմը շատ կարևոր է և իմ տպավորությամբ այն զարգանում է և հնարավորինս մեծ թվով հայտարարագրատուներ կան արդեն: Բավական մեծացել է նրանց թիվը, որով ֆիքսվում է նրանց ունեցվածքը, որպեսզի տարիներ հետո ինչ-ինչ մարդիկ չհայտարարեն՝ ես դա նվեր էի ստացել: Նվեր ես ստացել, լավ, բայց հայտարարագրիր, ո՞րն է պրոբլեմը: Հատուկ քննչական ծառայությունն, ըստ էության, վերածվեց Հակակոռուպիոն կոմիտեի: Կառավարությունը կարող է ասել, որ լուծարել ենք, նոր մարմին ենք ստեղծել, բայց իր աշխատանքային պաշարով, գտնվելու վայրով, պաշտոնյաներով, իսկապես այն ՀՔԾ-ից վերածվել է և ես շատ կասկածամիտ եմ, թե այնտեղ կոռուպցիայի դեմ օպերատիվ պայքարող պաշտոնյաները ճնշող մեծամասնություն են: Ոչ, հնից մնացել են շատ մարդիկ: Օրինակ, մինչև 2018 թվականը Շիրակի պետական համալսարանի չարաշահումների գործերը 5 տարի դեռ քննում են: Համալսարանին տարբեր գնահատականներով հասցվել է 120-200 մլն դրամի վնաս, մոտ 10 քրեական գործ կա: Արդյունք չկա, քննությունը շարունակվում է: Իրենց պատասխանները ես իրենցից լավ կարող եմ գրել, ցանկացած լրագրող կարող է գրել՝ քննությունը շարունակվում է, շատ բաներ չենք կարող պատմել և այլն: Հիմա, օրինակ, Սրբուհի Գալյանին երբ հարցնում են այս կամ այն անձի գույքի վերաբերյալ, ասում է՝ գաղտնիք է, չեմ կարող ասել: Ինձ օրինակ, շատ հետաքրքիր է, մեզ, հանրությանը հայտնի, ակնհայտ կոռուպցիոն հիմքերով ապօրինի գույք հանդիսացող շինությունների հարցն արդյոք քննվում է, թե ոչ: Իրենց տրամաբանությամբ տեղեկատվությունն այնքան են տրամադրելու, որ չհասկանաս՝ քննվեց և գտան, որ ընդհանրապես այդ գույքերն ապօրինի չեն, դրա համար ձեն-ձուն չկա, թե՞ քննվեց, 2-3-ը գտնվեց, որ ապօրինի է, գնացինք հասանք դատարան, իսկ մյուսները՝ ոչ: Հիմա ի՞նչ անենք, ժողովրդին կոչ անենք աջուձախ ֆոտոներ անի իրենց կասկածելի ապօրինի գույքի և ուղակրի Սրբուհի գալյանին, բայց էլի պատասխան չենք իմանա՝ քննեցին, ի՞նչ որոշեցին: Տարիներ հետո կարող է տեսնենք, որ դրանք մնացել են սեփականատիրոջ ձեռքում, ինչը կնշանակի, որ մենք մեր գործն արել ենք, իսկ իշխանությունը գտել է, որ դրանք ապօրինի չեն: Սրանք մութ հարցեր են և թափանցիկությունը զգալիորեն կնպաստեր հանրային վստահությն աճին կամ դրա ոչնչացմանը: Ես հարցումներ արել եմ, մեզ չեն տրամադրում ցուցակներ, թե որ գույքերով են զբաղվում:
Կա մտահոգություն, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը ևս սելեկտիվ է և հիմնականում նախկիններին ուղղված գործընթաց է, ներկաներն անմասն են մնում: Կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը:
Մարդիկ իրավունք ունեն կասկածել նաև այդպես, այդ կասկածները կարող են լինել ողջամիտ, կարող են լինել դավադրապաշտական: Սրա փարատման հիմնական մեխանիզմը առավելագույն թափանցիկություն ապահովելն է: Հիմա եթե կասկածվող ապօրինի գույքը վաղուց կա, շինությունները կամ բանկերում եղած փողերը երևում են, ի՞նչ սարսափելի բան կլինի, եթե իշխանությունը հայտարարի՝ հենց հիմա մենք քննում ենք էս մարդու էս ունեցվածքը, էն մարդու էն ունեցվածքը, մեկ է, դա հայտարարելուց առաջ անցած 5 տարիներին իրենք ոնց կարողացել են, սրբագրել են այդ գույքի սեփականությունը: Այսինքն՝ հետաքննությանը վնաս չի տալու այդ թափանցիկությունը: Եթե ես իմանամ, որ իմ կասկածած 10 գույքից 5-ը հետաքննվում է, 5-ը՝ ոչ, ես այդ 5-ի մասին իմ ունեցած տեղեկատվությունը կփոխանցեմ դատախազությանը, բայց ես չեմ կարող Հայաստանով մեկ ընկնել, հազարավոր նախկին ու ներկա պաշտոնյաների կասկածելի գույքերի գույքագրում անեմ, ուղարկեմ, ու հրապարակելուց հետո էլ չիմանամ՝ քննեցին, թե չքննեցին ու ինչ պարզեցին: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, որ ինչ-որ մեկի մատնահետքը ունեն, հետախուզում են, չեն ուզում հանրությունն իմանա, որ հետախուզվում է, որովհետև եթե իմանա, կփախչի: Սա հասկանալի է, բայց էս դեպքում շենքը, ապարանքը, ռեստորանը, հյուրանոցը, գործարանը բոլորի աչքի առաջ է ու բոլորն էլ գիտեն: