«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։
-Տիկին Վարդանյան, նկատելի է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետարքրություն ցուցաբերել մեր տարածաշրջանի, նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Օրերս Հրվ. Կովկաս էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, ով և՛ Փաշինյանի և՛ Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք ամերիկյան այս ակտիվության վերաբերյալ։
-Ես մշտապես խոսել եմ այն մասին, որ ԱՄՆ պաշտոնյաների այցը մեր տարածաշրջան կարևոր է։ Մի բան է՝ տեղեկություններ ստանալ դեսպաններից, մամուլից, այլ բան է՝ սեփական աչքերով իրավիճակին ծանոթանալ ու քննարկումներ անցկացնել։ Թե ինչ արդյունք կարող է ունենալ այս այցը՝ դա հարցի մի կողմն է, բայց որ դրական է, որ ԱՄՆ-ն շարունակում է հարցն իր ուշադրության կենտրոնում պահել՝ միանշանակ է։ Հուսով եմ՝ ԱՄՆ-ում էլ լիարժեք պատկերացում կկազմեն, թե ռեալ ինչ վտանգների տակ է գտնվում հայ ժողովուրդը։
–Մամուլում կան տեղեկություններ, որ առաջիկայում Վաշինգտոնում կարող է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացվել՝ բնականաբար ամերիկյան միջնորդությամբ։ Հավանակա՞ն է այս տարբերակը, ի՞նչ տեղեկություններ ունեք։
–Տեղեկությունները միանշանակ չեն, բայց ես դա միանգամայն հնարավոր եմ համարում։ Չեմ ուզում վերջնական ինչ-որ բան ասել, քանի որ պլանավորման պրոցեսում շատ բան կարող է փոխվել։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի, սակայն ժամկետների մասով հսկատություն չեմ կարող մտցնել։
-Դա հետաքրքիր է հատկապես այն կոնտեքստում, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միջնորդության հարցում մրցակցում են։
-Ես առհասարակ չեմ սիրում մրցակցության մասին խոսել։ Հիշենք, որ կար ժամանակ, երբ երկուսն էլ աշխատում էին կոնֆլիկտի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Չէի ուզի խոսել այն մասին, որ մեկը մյուսի հետ մրցակցում են հիմա, բայց պատկերը դա է։ Ես կարևոր եմ համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ աշխատեն, այսպես շարունակել չի կարելի։
Մոտենում է ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության տարելիցը, իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ հայ ժողովրդին սպառնում է երկրորդ ցեղասպանությունը։ Ադրբեջանը նորից ուզում է հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկել։Այս առումով ես կարևորում եմ միասնական աշխատանք տանելը,որպեսզի աշխարհը բացառի նման սցենարի կրկնությունը։
-Ալիևը պահանջում է, որ Փաշինյանը վերախմբագրի իր նախկին հայտարարությունը և ասի, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Կարծում եք Հայաստանն այս հարցում կարո՞ղ է ապավինել ԱՄՆ-ի օգնությանը։
-Ես որպես ԱՄՆ քաղաքացի պահանջում եմ, որ ԱՄՆ-ն օգնի Փաշինյանին այս հարցում։ Ակնհայտ է, որ դա հայ ժողովրդի ոչնչացման ռեցեպտ է։ Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն այս հարցում Ադրբեջանին չի օգնի։