Դեռ անցած տարվա դեկտեմբերին ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն շահագործման պատրաստ կլինի սեպտեմբերին»,– ասված է հաղորդագրությունում:
Դպրոցը կառուցվում է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:
Կառավարության հրապարակած լուսանկարներից մեկում Փաշինյանը զրուցում է Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզչի` Աշոտ Փիլոսյանի հետ, սակայն զրույցի մանրամասները չեն ներկայացվում։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։