Ապրիլի 21-ին ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել է, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Գավառի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 23.50-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:
Բաժնում նա խոստովանել է, որ համաքաղաքացու բնակարանից ոսկյա զարդերը գողացել է ինքը: Նաև հայտնել է, որ զարդերը գրավադրել է բանկերից մեկի Գավառի մասնաճյուղում:
36-ամյա տղամարդը, նաև՝ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: