Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող Florida ատոմային սուզանավին ստիպել են դուրս գալ ջրի մակերևույթ և փոխել ուղղությունը: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանիին։
«Իրանական ռազմածովային ուժերի Fateh սուզանավը հայտնաբերել է Հորմուզի նեղուցում գաղտնի նավարկող ամերիկյան միջուկային սուզանավը և ստիպել է նրան դուրս գալ մակերևույթ և փոխել ուղղությունը՝ համաձայն միջազգային կանոնակարգերի», – մեջբերում է գործակալությունն Իրանիի խոսքը:
Նա նաև նշել է, որ Florida-ն փոխել է ընթացքի ուղղությունը և շարունակել ճանապարհը՝ Իրանի ռազմածովային ուժերի սուզանավի ուղեկցությամբ։
«Ամերիկյան սուզանավին համապատասխան նախազգուշացում է տրվել, քանի որ այն որոշ չափով մոտեցել է Իրանի տարածքային ջրերին», – հավելել է Շահրամ Իրանին։
Ըստ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ ամերիկյան ռազմանավը բոլոր ջանքերը գործադրել էր գաղտնի կերպով Հորմուզի նեղուցը հատելու համար, սակայն իրանական արտադրության Fateh սուզանավը, որը պարեկություն էր իրականացնում, հայտնաբերել է այն: Դերծովակալ Իրանին նշել է, որ ամերիկյան ուժերը պետք է բացատրություն տան, թե ինչու են խախտել նավարկության կանոնները ծովային խոշոր երթուղու վրա:
Ապրիլի սկզբին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել էին Florida ատոմային սուզանավը Բահրեյնում տեղակայված Հինգերորդ նավատորմի կազմ ուղարկելու որոշման մասին: Ամերիկյան կողմի հայտարարության համաձայն՝ սուզանավը պետք է պարեկություն իրականացնի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Florida-ն զինված է թևավոր հրթիռներով, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել: