ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է զինվորականներին և հետախուզական ծառայություններին միջոցներ ձեռնարկել զգայուն տեղեկատվության պաշտպանությունն ուժեղացնելու համար,- ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։
«Ես ողջունում եմ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված արագ գործողությունները՝ հետաքննելու և արձագանքելու ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի վերջին հրապարակմանը: Մինչ մենք դեռ պարզում ենք այս փաստաթղթերի իսկությունը, ես մեր ռազմական և հետախուզական գերատեսչություններին հանձնարարել եմ քայլեր ձեռնարկել զգայուն տեղեկատվության պաշտպանությունն ուժեղացնելու և դրա տարածումը սահմանափակելու համար», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Իռլանդիա կատարած այցի ավարտին, ԱՄՆ նախագահն ասել էր, որ հրամայել է Արդարադատության նախարարությանը հետաքննել, թե ինչու են ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 21-ամյա անդամին, որը մեղադրվում է գաղտնի ռազմական հետախուզության տվյալների արտահոսքի մեջ, հասանելի եղել գաղտնի տվյալները: