ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Արդեն կան դիմողներ. հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև 2023 թվականի մայիսի 2-ը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լիահույս է, որ այս տարի նախարարությունն ավելի շատ հայտեր է ստանալու: «Մրցույթի շրջանակում կազմկոմիտեն ընտրել է 5 անվանակարգ՝ առաջնորդվելով պետության ռազմավարական առաջնահերթություններով: Ակնկալում ենք, որ անցած տարվա 54 հայտերը կկրկնապատկվեն, որովհետև մեր երիտասարդներն արդեն իսկ գիտեն, որ իրենց գաղափարները տեղ են հասնում և լիարժեք ուսումնասիրվում»,- ասում է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվում է 2016 թվականից և մաս է կազմում «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի. յուրաքանչյուր 2-րդ տարին լավագույն հայտերն ուղարկվում են ԱՊՀ-ի կազմկոմիտե, որտեղ Հայաստանից ևս ճանաչվում են որպես լավագույն հայտեր:
Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր է ոչ միայն նոր գաղափարներ գեներացնելու առումով, այլև քաղաքացիական կրթությունը խրախուսելու իմաստով. «Հատկապես կարևորում ենք երիտասարդների՝ որպես խումբ իրենց համայնքում որևէ խնդրի լուծման առաջարկները, ինչը քաղաքացիական կրթության տարր է: Անգամ չհաջողելու դեպքում խմբերը կլինեն մոտիվացված և իրենց ռեսուրսը կիրացնեն այլ հարթակներում՝ այլ խնդիրներ լուծելիս»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշատակում է անցած տարվա հաջողված գաղափարներից, որոնք կրկին ուղղված էին համայնքային կյանքի զարգացմանը, օրինակ՝ ինչպես համայնքը ավելի ճանաչելի դարձնել զբոսաշրջության տեսանկյունից, կամ ինչպես հայ ժողովրդի պատմությունն ավելի հետաքրքիր ձևով մատուցել: Ըստ փոխնախարարի՝ երիտասարդներն ավելի լավ գիտեն իրենց տարեկիցների պահանջմունքները, և համապատասխան լուծումներն ավելի իրատեսական են ու ժամանակակից:
«Այս ծրագիրը խրախուսում է գաղափարն ինքնին, ոչ թե գաղափարի իրականացումը: Մեր ակնկալիքն է նաև, որ գործընկեր կառույցները կաջակցեն գաղափարների իրականացմանը կամ կօգնեն երիտասարդներին ֆոնդահայթայթման գործում կամ նրանց հետ այլ ծրագրեր կիրականացնեն՝ կիրառելով երիտասարդների ներուժը»,- նշում է Արթուր Մարտիրոսյանը:
Հիշեցնելով, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր, փոխնախարարը կոչ է արել երիտասարդներին լինել ակտիվ, փորձել ուժերը և չվախենալ գաղափարներն իրականություն դարձնելու առաջին քայլից, ինչին միտված է ծրագիրը:
Նորարարության հիմնական շեշտադրումը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ոչ թե գիտական չափանիշներով առաջնորդվելն է, այլ սոցիալական կիրառելիությունն ապահովելը. «Մենք խնդիր ենք դնում ոչ թե ստեղծելու նոր դեղատոմս, այլ ինչպես արդեն իսկ ունեցածն ավելի մատչելի կիրառել: Այսինքն՝ ընդգծվում է սոցիալական բաղադրիչը, որ երիտասարդներն ավելի պրակտիկ լուծումներ առաջարկեն՝ դրանք արտացոլելու հանրային բարօրության տիրույթում՝ մեր երկրում մարդկանց կյանքն ավելի հեշտացնելու նպատակով»:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգերն են՝
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ.
Ճարտարագիտական գիտություններ.
Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ).
Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ).
Մանկավարժական գիտություններ:
Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500 000-ական դրամի չափով: