ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի մի բնակիչ մտել է բանկ, մոտեցել աշխատողներից մեկին և նրան թղթի վրա մի գրություն տվել` պահանջելով իրեն տալ ընդամենը 1 դոլար, և նշել է, որ ինքը զինված է: Դրանից հետո նա հանգիստ սպասել է ոստիկանությանը:
Ինչպես հայտնում է ABC հեռուստաընկերությունը, 59-ամյա Ռիչարդ Ջեյմս Վերոունը գնացել է նման քայլի, քանի որ հույս ուներ բանտում անվճար բուժօգնություն ստանալ: Ոստիկանները նրա մոտ զենք չեն հայտնաբերել: Ըստ Վերոունի` ինքն անբուժելի հիվանդ է և, քանի որ գործազուրկ է, բուժվելու որևէ միջոց չունի, իսկ բանտում հնարավոր է ստանալ անվճար բուժօգնություն:
ԱՄՆ առողջապահական համակարգը չի ենթադրում անվճար բուժօգնություն տրամադրել աշխատունակ մարդկանց, և քանի որ Վերոունն աշխատունակ է, բայց գործազուրկ, նա չունի նույնիսկ առողջական ապահովագիր, հետևաբար անկարող է դիմել բժշկի:
Վերոունը կարծում էր, որ իրեն կդատապարտեն 3 տարվա ազատազրկման, որի ընթացքում նա կկարողանար անվճար բուժում ստանալ, բայց քանի որ նրա մոտ զենք չի հայտնաբերվել, պատժի ժամկետն ընդամենը 1 տարի կլինի: