«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
Պարոն Աթանեսյան, նշում եք, որ Հայաստանում և Արցախում «պիեսներ» են բեմադրվում՝ շեղելու Արցախի խնդրին։ Ի՞նչ նկատի ունեք և ի՞նչ է կատարվում։
Ի՞նչ է կատարվում։ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ վարչապետի որդին հարձակման է ենթարկվել, իսկ վերջինս հերքում է և ենթատեքստով ակնարկում, որ դա սադրանք է։ Մի խումբ էլ աղմկում է, որ «հոկտեմբերի 27» է նախապատրաստվում։
Արցախում էլ թիվ մեկ թեմա են դարձրել պարենային մթերքների գինը։ Քաղաքական որոշում ընդունելու փոխարեն՝ մարդկանց մղում են սոցիալական նվազագույն ապահովության երազանքի։ Ով ինչ և ինչպես, բայց ես այստեղ լրջագույն վտանգներ եմ տեսնում։ Տա Աստված՝ սխալվեմ։
Պարոն Աթանեսյան, Արցախում ներքաղաքական լարվածություն է նկատվում, Արցախի ԱԺ նախագահն անանուն հայտարարություններ է անում՝ ակնարկելով այս օրերին Արցախում հարստացողների մասին։ Հարցումների մասին ակնարկում է Գուրգեն Ներսիսյանը։ Ի՞նչ է կատարվում։
-Արցախում մի արտահայտություն են օգտագործում․ «Քոչի մեջ ճախարակ մանող»։ Մոտավորապես նույն իմաստն ունի, ինչ՝ ուղտի պարը կամրջին է բռնում։ Իմ տպավորությամբ՝ գործ ունենք նման իրավիճակի հետ, երբ լրջագույն խնդիրները թողած՝ երկրորդական-երրորդական նշանակության թեմաներ են հանրային օրակարգ բերում։ Նախ պետք է իշխանությունը պահել, հետո կգա դրա համար ազատ մրցակցության ժամանակը։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայատարարեց, որ պետք են ամուր նյարդեր՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար և նորից նշեց, որ ՀՀ իշխանությունն անհոգնել վերահաստատում է խաղաղության օրակարգին։ Այս փուլում առհասարակ իրատեսական է այդ օրակարգը։
-Ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը։ Այս առումով՝ ի՞նչ քայլեր եք ակնկալում։
Չեմ կարող ասել, ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ։ Ակնկալում եմ, որ խնդիրը որոշակիորեն կարող է կարգավորվել Լավրով-Չավուշօղլու՝ այսօր-վաղը կայանալիք բանակցությունների արդյունքում։