Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնազավթված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի պատվիրակի նշանակումը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:
Իրանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ:
Այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դեսպանատուն է բացել Իսրայելում և «իր դեսպանին ներկայացրել է կեղծ ռեժիմին՝ անհավատալի արարք, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»։
«Ադրբեջանի պաշտոնյաների այս քայլը կհանգեցնի տարբեր բացասական քաղաքական հետևանքների, և մուսուլմանները նրանց կհամարեն ճնշված պաղեստինցիների դեմ կատարած հանցագործություններում սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ», – նշված է հայտարարությունում։
Իրանցի պատգամավորներն արաբական և իսլամական կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը հորդորել են դատապարտել Ադրբեջանի քայլը։
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դեսպանատան բացմանը Իսրայել էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: