Իրանի իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն Սիրիայում իրենց ուժերն ու շահերն ԱՄՆ-ի գործողություններից պաշտպանելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությանը:
«Իրանն իրեն անկապտելի իրավունք է վերապահում՝ պաշտպանելու իրեն միջազգային իրավունքին համապատասխան, և վճռական միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու իր ուժերը, շահերը և օբյեկտներն ԱՄՆ-ի կամ այլ երկրների ցանկացած սպառնալիքից կամ անօրինական գործողությունից», – ասված է Իրավանիի նամակում:
Ինչպես նշել է Իրավանին, Վաշինգտոնը պետք է ընդունի, որ սիրիական ռեսուրսների կողոպուտը, Սիրիայի տարածքի շարունակվող օկուպացումը և անջատողականներին աջակցությունն «ԱՄՆ-ի զինված ուժերին սիրիացի ժողովրդի դիմակայության հիմնական պատճառներն են»։ Մյուս կողմից, ինչպես նշել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, «Իրանի ներկայությունը Սիրիայում լիովին օրինական է և հիմնված է Սիրայի կառավարության պաշտոնական խնդրանքի և համաձայնության վրա», և դրա նպատակն է աջակցություն տրամադրել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում:
Մարտի լույս 24-ի գիշերը Միացյալ Նահանգները մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք վերահսկում Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Հարձակման հետևանքով հաղորդվել է առնվազն 11 շիա մարտիկների մահվան մասին, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան գործողությանը նախորդել էր Ռումեյլանում ԱՄՆ-ի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի հետևանքով զոհվել էր մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող, ԱՄՆ-ի ևս հինգ զինծառայող և մեկ պայմանագրային զինվորական վիրավորվել էին: