
Նախորդ շաբաթ կայացավ ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Համաձայնություն և հաշտություն է կայացել Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի և իրավապահների միջև։ Վերջինս պետությանն է փոխանցելու շուրջ 600 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։
Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում.
4 ավտոմեքենա.
20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.
շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
Նախկին վարչապետը, սակայն, չի ընդունում, թե իր ընտանիքն ապօրինի ունեցվածքի տեր է։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին նշեց, որ եթե մարդիկ ունեն դիրքորոշում, որ իրենք ունեն ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք, սա նշանակում է, որ գուցե ամբողջ գույքը չի ներառված, այլ այն գույքը, որոնց վերաբերյալ կարող են հիմնավորումներ ներկայացնել։
«Նաև կարևոր է իմանալ՝ ձեռք բերված գույքի շուկայական արժեքը որքան է եղել գույքը գնելու ժամանակ, կամ ինչ ճանապարհով է ձեռք բերվել, օտարվե՞լ է այդ գույքը, թե մեկ այլ բան է տեղի ունեցել: Մեկ բան պարզ է, որ Աբրահամյանի ընտանիքը միայն զբաղեցրել է պետական կամ համայնքային պաշտոններ, և եթե ունեցել են այլ բիզնեսներ, որոնց եկամուտների հաշվին է ձեռք բերվել գույքը, ապա հարց է ծագում՝ որքանով են այդ բիզնեսները եղել օրինական գործունեություն: Ընդհանրապես, ինչպե՞ս է լինում, որ միայն պաշտոնատար անձանց հետ փոխկապակված անձինք ենք լինում հաջողակ գործարարներ։
Օրենքը ենթադրում է, որ եթե չեն կարողանում պատշաճ հիմնավորումներ ներկայացնել, գալիս են համաձայնության, իսկ եթե չեն կարողանում համաձայնության գալ, այդ դեպքում դատարանն է որոշում կայացնում։ Բնական է, որ Հովիկ Աբրահամյանի փաստաբանը վստահորդի շահերը պետք է պաշտպանի։ Սա իհարկե, ցավոտ գործընթաց է, բայց այն պետք է դառնա անխուսափելի։ Գործընթացի վերաբերյալ տեղեկությունները պատշաճ և հրապարակային չեն, թափանցիկ չեն, որ կարողանամ եզրակացություն կազմել»,-ասաց Սաքունցը:
Նրա խոսքով՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի գործընթացը պետք է լինի շատ թափանցիկ և եթե օրինակ համաձայնությամբ ակտ է կայացվում, ապա այն ևս պետք է լինի թափանցիկ. «Ընդհանրապես հաշտությունը պետք է լինի ոչ թե անձերի միջև, այլ սկզբունքների շուրջ՝ իրավունքի գերակայության սկզբունքը կամ օրենքի առջև բոլորի փափանցիկության սկզբունքը, կամ անօրինականության համար անխուսափելի պատասխանատվության սկզբունքը: Սրանք են այն սկզբունքները, որոնց շուրջ հասարակությունը պետք է համաձայնության գա։ Եվ նրանք, որոնք չեն գա համաձայնության, պետք է արձանագրվի, որ նրանց վարքագիծը համատեղելի չէ հանրության սկզբունքների հետ: Ոչ մի անգամ ոչ մի տուժող չի համաձայնվում հանցագործություն կատարած անձի հետ, հետևաբար հարցը արդարության, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվությանև օրենքի գերակայության մասին է»,-ընդգծեց իրավապաշտպանը: