2022-ին ՏՏ ոլորտի ընկերություններում կրճատումները կապված չէին ռուսական ընկերությունների Հայաստան գալու հետ, ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը:
«Երկրորդը, այո, ռուսական նաև այլ երկրների ընկերությունների Հայաստան գալը մեր էկոհամակարգի վրա շատ դրական ազդեցություն ունի, որովհետև ինքը իր հետ ոչ միայն ֆինանսավորման, ներդրումների ներգրավման բաղադրիչ է բերել, այլև ոլորտի կորպորատիվ մշակույթի ներգրավման բաղադրիչ ունի: Այն կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման միտումներ ևս իր մեջ պարունակում է»,-ասաց նա:
Հարցին, թե օտարերկրյա ընկերությունները երկարաժամկե՞տ են հաստատվում Հայաստանում, փոխնախարարը պատասխանեց. «Տարբեր են, արդեն կան ընկերություններ, որոնք եկել են և արդեն դիմել են, որ օգտվեն մեր հարկային արտոնությունների ծրագրերից: Բնական է, որ այդ ընկերությունները երկարաժամկետ պլաններ ունեն այստեղ մնալու»: