Լիբիայի ազգային անցումային խորհուրդը այսօր հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի կողմնակիցները մեքենաներով կանխիկ գումար և ոսկի են դուրս բերում Լիբիայի տարածքից և տեղափոխում Նիգեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ ընդդիմադիրները հղում են կատարում Սահարայում ապրող տուարագներին, որոնք այդ անցման ականատեսն են եղել:
Տեղի բնակչությունը պատմել է, որ Լիբիայի սահմանը հատել է մոտ 10 մեքենա, որոնց մեջ եղել են կանխիկ գումար և ոսկի, իսկ տեղացիներն օգնել են իրականացնել անցումը: Այսօր ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ 200-250 մեքենաներից կազմված ռազմական շարասյունը հայտնվել է Նիգերի հյուսիսում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Լիբիան լքած Քադաֆիի կողմնակիցների շարքերում լինեն նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին և նրա որդին` Սայֆ Ալ-Իսլամը:









































