
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն ևս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Բանն այն է, որ ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:
6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որևէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, ու գործը կարճվեց: Այստեղից էլ սկսվեց «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննեց կարճված գործը, սակայն հարցաքննության չհրավիրեց ոչ՛ Վարդազարյանին, ո՛չ Ջյանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չարեց ու որոշեց կարճել»: