
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցնելու է Մասիմ Մամեդովը։
Մամեդովը մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։ Այդ հանդիպմանը Մամեդովը մասնակցում էր որպես Լեռնային Ղարաբաղում գտնվող բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող ադրբեջանական մոնիտորինգային խմբի ղեկավար։
«Այսօր ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք», – Լաչինի շրջանում իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «իրենք այդ դիրքերում ամրապնդվում են, և այնտեղ էլ մնալու են»։
Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի խոսքերով՝ Ալիևի հայտարարություններում սկզբունքային նոր շեշտադրումներ չկան.«Իրենք դիրքերի մասին մինչ այդ էլ են ասել, նաև նշել են, որ չեն պատրաստվում լքել այդ դիրքերը։ Այսինքն՝ սկզբունքային նոր բան չկա։ Առայժմ անհասկանալի է, թե հնարավոր ճնշումն ինչ բնույթ կկրի։ Այսինքն՝ կսահմանափակվի այնպիսի գործողություններով, ինչպիսին Արցախում եղան օրերս, թե՞ ավելի խոշոր գործողություններ կլինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Հարությունովի՝ ինչ վերաբերում է Լաչինում ներկայացուցիչ նշանակելուն, դա էլ անհասկանալի է ըստ վերլուծաբանի, սակայն չի բացառվում, որ դա էլ շարունակությունն է Ստեփանակերտի հետ բանակցային գործընթացում ներակայացուցիչ նշանակելուն.«Այսինքն՝ չի բացառվում, որ առանձին գործողություններ սպասվում են հենց միջանցքի հետ կապված ու այդ ֆունկցիաները պետք է այդ պաշտոնյան կատարի։ Առայժմ իրենց կողմից էլ հստակ չի ասվում, թե որն է նպատակն այդ նշանակման»։
Մեր զրուցակիցը գտնում է, որ Բաքվի վերջին գործողությունների նպատակը հայկական կողմի վրա ճնշումը մեծացնելն է.«Չենք կարող հստակ ասել, թե իրավիճակն այնպիսին է, բայց Ադրբեջանի մարտավարությունն այն է, որ հնարավորինս վերահսկի Արցախում կոմունիկացիաները։ Վերջին դեպքն այդ տրամաբանության մեջ է։ Նաև փորձարկվում է խաղաղապահների հնարավորությունները՝ այսինքն ինքը կարո՞ղ է գնալ էսկալացիաների առանց իր համար հետևանքների, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ՝ էլի ճնշման մեծացման նպատակ կա»։
Հարությունովի խոսքերով՝ պատահական չէր, որ այդ միջադեպից հետո եղավ երկրորդ հրավերը՝ գնալ Բաքու բանակցությունների.«Այսինքն՝ իրենք պահանջում են, որ Ստեփանակերտը գնա բանակցությունների Ադրբեջանի ուզած վայրում, գնա բանակցությունների՝ առանց խաղաղապահների միջնորդության ու այն օրակարգի շուրջ, որն Ադրբեջանն է պարտադրում։ Այսինքն՝ այսպես կոչված ինտեգրացիա, իսկ Արցախը բոլոր երեք կետերը մերժում է։Սա նման է, որ այս փուլում առնվազն իրենց մարտավարական օրակարգը սա է»։
Ռազմավարական նպատակն էլ, մեր զրուցակցի դիտարկմամբ, Արցախն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելն է.
Դիտարկմանը, թե որքան էլ ուժեղ է միջազգային ճնշումը, այդ բոլոր կոչերն ու բանաձևերն Ալիևի վրա որևէ ազդեցություն չեն ունենում, մեր զրուցակիցն ասաց.«Կարծում եմ՝ դա չի էլ աշխատի։ Որպեսզի Ադրբեջանն իր որոշումը փոխի, կա՛մ ինչ-որ տեսակի ռազմական ճնշում պետք է լինի կամ պատժամիջոցներ, որոնք տնտեսության վրա ռեալ ազդեցություն կարող են ունենալ։ Այսինքն՝ ոչ այնպիսի պատժամիջոցներ, որը Բաքուն կարող է անտեսել։ Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավորություններին, ապա դրանք շատ սահմանափակ են։Ռազմական ճանապարհը հասկանալի պատճառներով այնքան էլ իրատեսական չէ, իսկ դիվանագիտականի արդյունքները տեսնում ենք, թե ինչպիսին են։ Չեմ կարծում, թե այդ իմաստով ինչ-որ բան կփոխվի։ Իրականում հայկական կողմի վիճակը շատ բարդ է, որովհետև արդեն հստակ է, որ ճնշումը ոչ միայն Արցախի վրա, այլ Երևանի։ Կան պահանջներ,որոնց հայկական կողմը հիմա չի կարող գնալ ներքաղաքական պատճառներով։ Այս պահին բարդ է կանխատեսել՝ Բաքվի ճնշումները Երևանի վրա միայն դիվանագիտական ճակատում կլինեն, թե կլինեն նաև այլ գործողություններ»,-եզրափակեց նա։